News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները քննարկում են Wikileaks կայքի  հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը: Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ Ասանժի կալանավորումը ԱՄՆ նոր վարչակազմի առաջնահերթություններից մեկն է, փոխանցում է BBC-ն:

Ամերիկացի պաշտոնյաները որոշ լրատվամիջոցների տեղեկացրել են Ասանժի եւ կայքի այլ աշխատակիցների դեմ պատրաստվող միջոցառումների մասին:

ABC-ի տեղեկություններով՝ իշխանությունները դեռեւս քննարկում են հնարավոր գործողությունները, մինչդեռ CNN-ը հայտնել է, որ արդեն մեղադրանքներ են պատրաստվում Ասանժի արտահանձնմանը եւ կալանավորմանը հասնելու համար:

ԿՀՎ-ի տնօրեն Մայք Փոմփեոն անցյալ շաբաթ Wikileaks-ը որակել է թշնամական հետախուզական ծառայություն, որն օգնում է Ռուսաստանին, իսկ Ասանժին խարդախ է անվանել:

Ի դեպ, անցյալ տարի խումբն արժանացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գովասանքին նախընտրական արշավի ժամանակ իր գործունեության համար:

Անցյալ տարվա հոկտեմբերին Wikileaks կայքը հրապարակել էր ավելի քան 2 հազար էլեկտրոնային փաստաթղթեր, որոնց թվում էր Հիլարի Քլինթոնի եւ նրա ընտրական շտաբի պետ Ջոն Փոդեսթայի նամակագրությունը: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ այս «արտահոսքն» է նպաստել ընտրություններում Քլինթոնի պարտությանը:

Ամերիկյան հատուկ ծառայությունները հանգել են այն եզրակացության, որ դեմոլրատների էլեկտրոնային փոստը կոտրելու ետեւում կանգնած էր Ռուսաստանը, որն օգտվել է Wikileaks-ից՝ ազդելու համար նախագահական ընտրությունների արդյունքների վրա եւ օգնելու Թրամփի հաղթանակին:

Ռուսաստանի իշխանությունները հերքում են ԱՄՆ նախագահական ընտրարշավին միջամտելու մեղադրանքները: Ասանժը, որը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, հայտարաել է, որ նամակների հրապարակումը ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակ չի հետապնդել:

Ջուլիան Ասանժը Էկվադորի դեսպանատանն է գտնվում Շվեդիա արտահանձնվելուց խուափելու համար, որտեղ մեղադրվում է սեռական հանցագործությունների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ