Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը ներկայում համեմատաբար հանգիստ է: Ապրիլի 21-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Մեկնաբանելով երեկ սահմանամերձ Բաղանիս գյուղի շրջանում ճանապարհի գնդակոծությունը, նախարարը փաստեց, որ նման դեպքեր պարբերաբար են կրկնվում:
«Հրադադարի ռեժիմի պահպանումը պարտադիր է կողմերի համար: Եվ յուրաքանչյուր դեպք պետք է դատապարտվի միջազգային հանրության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Մենք առայժմ գոհ չենք արձագանքից: Բայց վերջին շաբաթների ընթացքում սահմանին համեմատաբար հանգիստ է»,- նշեց նախարարը:
Նախարարը չբացառեց, որ գնդակոծությունները կարող են կապված լինել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների հետ: Հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները Վիգեն Սարգսյանը կապում է Ադրբեջանում ժողովրդավարության եւ ժողովրդի առջեւ այդ երկրի իշխանությունների հաշվետվողականության ցածր մակարդակի հետ. «Ցանկացած գործոն կարող է ազդել խախտումների ինտենսիվության ավելացման կամ նվազման վրա»: