News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայրենասիությունը չի սահմանափակվում մեկ առարկայով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովում «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Ռազմագիտություն»  առարկայի ուսուցման արդյունավետության  բարձրացման  ուղղությամբ նախատեսվող քայլերին, դրանից բխող կրթական ծրագրերում եւ չափորոշիչներում հնարավոր  փոփոխություններին. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը բազմաշերտ գործընթաց է, որը չի սկսվում եւ ավարտվում դպրոցում կամ չի սահմանափակվում մեկ առարկայով: Այն փոխանցվում է ոչ միայն ռազմագիտության, այլ բոլոր առարկաների միջոցով եւ միջառարկայական կապերի ակտիվ փոխգործակցությամբ: Այս գործընթացում յուրաքանչյուրն ունի իր ուրույն դերակատարումը: Հայրենասիությունը բացարձակ արժեք է, որն ընդգրկում է բոլոր ոլորտները»,-  ընդգծել է Լեւոն Մկրտչյանը:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է նախարարության կողմից 2016 թվականին մշակված եւ շրջանառության մեջ դրված «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության» հայեցակարգը, որի նպատակն է նպաստել ՀՀ պաշտպանության ամրապնդմանը  եւ կատարելագործմանը, խաղաղության ապահովմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, հայրենիքի պաշտպանությանը հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստ քաղաքացու ձեւավորմանը:

«Աճող սերնդի մոտ ինչպես հայրենիքի վերաբերյալ պատկերացումների, հայրենասիրական գաղափարների եւ նվիրվածության, այնպես էլ ընտանիքի, դպրոցի, համայնքի, քաղաքի, պետության եւ ազգի հանդեպ իր պարտքը կատարելու պատրաստակամության ձեւավորումը,  ինչպես նաեւ սփյուռքի հայկական ուսումնական հաստատությունների հզորացումը  մեր գլխավոր խնդիրներն են»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը: Դ. Սահակյանի խոսքով՝ ՀՀ ԿԳ նախարարության գործունեությունը «Նախնական զինվորական պատրաստության» ոլորտում հիմնականում ուղղված է եղել ոլորտի բարելավմանը, ուսումնական ծրագրերի եւ ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքների ակտիվացմանը:

Մշակման փուլում է ուսումնական հաստատությունների զինվորական ղեկավարների (ՆԶՊ ուսուցիչների) թափուր տեղի համար անցկացվող մրցույթի նոր կարգը:

Նախնական զինվորական պատրաստության ծրագրին աջակցություն են բերում նաեւ արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունները, մասնավորապես ՀՀ ԿԳՆ ենթակայության հրաձգության հանրապետական մարզադպրոցը: «ԿԳ նախարարության գործունեությունը «Նախնական զինվորական պատրաստության» ոլորտում հիմնականում ուղղված է եղել ոլորտի բարելավմանը, ուսումնական ծրագրերի եւ ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված աշխատանքների ակտիվացմանը: Աշխատանքներ են տարվում ոլորտը կարգավորող իրավական ակտերի արդիականացման ուղղությամբ»,- նշել է Դ. Սահակյանը:

Քննարկման ժամանակ ցուցադրվել է նաեւ տեսաֆիլմ՝ դպրոցներում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման փորձի մասին :

Նշենք, որ «Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակում մարզահամերգային համալիրի տարածքում, մինչեւ ապրիլի 23-ը գործելու է ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ ներկայացնելու են կրթական ծրագրերը եւ արձանագրած հաջողությունները:

Տպել
Ամենաշատ