Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն ապրիլի 19-ին, այցելել է Իմերեթի երկրամաս, որի վարչական կենտրոն Քութայիսի քաղաքում հանդիպում ունեցավ Իմերեթիի նահանգապետ Գիվի Ճիճինաձեի եւ Քութայիսիի քաղաքապետ Շոթա Մուրդուլիայի հետ։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցեցին նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Գիորգի Կոպաձեն եւ «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրդը:
Զրուցակիցները քննարկեցին հայ-վրացական համագործակցության շրջանակներում Իմերեթի երկրամասի եւ Հայաստանի առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները:
Կողմերն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության խորացման եւ այդ ուղղությամբ նպաստավոր պայմանների ստեղծման կարեւորությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համայնքային մակարդակներով:
ՀՀ գլխավոր հյուպատոսն իր զրուցակիցներին տեղեկություններ հաղորդեց Հայաստանում տնտեսական միջավայրի եւ ստեղծված ներդրումային նպաստավոր պայմանների մասին՝ նրանց փոխանցելով նաեւ անհրաժեշտ տեղեկատվական փաթեթ:
Կողմերը հաստատեցին քննարկված հարցերի կենսագործման համար հետեւողական եւ նպատակաուղղված քայլերի իրականացման իրենց մտադրությունը:
Հանդիպման մասնակիցները նույն օրը Քութայիսիի Լ.Մեսխիշվիլիի անվան պետական թատրոնում ներկա գտնվեցին Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» թատերախաղի ներկայացմանը՝ բեմադրված Քութայիսիում հյուրախաղերով գտնվող Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կողմից։
Նշենք, որ Իմերեթի երկրամասը նույնպես ներառված է Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանում։