Մոլդովան 2017 թվականի հոկտեմբերին Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդի կարգավիճակ կստանա, երբ կայանա ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հերթական նիստը, «Իզվեստիայի» հետ հարցազրույցում հայտնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
«Վերջնական որոշումը կընդունվի ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հաջորդ նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին: Մինչ այդ կքննարկվի համապատասխան ընթացակարգը, քանի որ մինչեւ հիմա ԵՏՄ-ին կից դիտորդներ չեն եղել: Սակայն Միության կանոնադրությունը նախատեսում է կազմակերպության աշխատանքին մասնակցելուն երկրին թույլ տալ որպես դիտորդ: Բիշքեկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համապատասխան հանձնարարական է տվել»,- ասել է Դոդոնը:
Նրա խոսքով՝ ներկայումս ԵՏՄ-ում Մոլդովայի ապագայի վերաբերյալ բանակցային գործընթացը կարելի է 2 մասի բաժանել: Առաջին մասը հուշագրի ստորագրումն է, որը «կադրային համաձայնագիր է այն մասին, որ երկիրը սկսում է ԵՏՀ-ի հետ համագործակցել»: Երկրորդ մասը դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ ներկայացրած հայտն է, որը հուշագրի հետ կապ չունի:
Դոդոնը նշել է, որ դեռեւս վաղ է խոսել ԵՏՄ-ին Մոլդովայի լիիրավ անդամակցության մասին: «Չնայած կարծում եմ, որ Մոլդովան պետք է ԵՏՄ-ի լիիրավ անդամ դառնա: Այս հարցով վերջնական որոշումը կընդունվի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կունենանք խորհրդարանական այլ մեծամասնություն»,- ասել է նա: