Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է անցկացնել նաեւ ավտոտնակների տանիքներին (ֆոտոռեպորտաժ):
Դեռեւս խորհրդարանական ընտրություններին տանիքներին քարոզարշավ իրականացնող Փաշինյանից լրագրողներն անընդհատ հետաքրքրվում էին՝ ավագանու ընտրություններին նույնպես կտեսնենք նրան տանիքներին:
«Սա էլ այն հարցի պատասխանը՝ կտեսնե՞նք արդյոք ձեզ տանիքներին»,- այսօր՝ ապրիլի 22-ին, Ավան թաղամասում ասաց Նիկոլ Փաշինյանն ու բարձրացավ մոտակա ավտոտնակի վրա ու սկսեց քարոզչություն անել:
«Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հորդորեց բնակիչներին մայիսի 14-ին «դուխով» ձայնը տալ իրենց:
«Չհուսահատվեք ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա»,- հայտարարեց քաղաքապետի թեկնածուն:
Նշենք, որ «Ելք» դաշինքը, ինչպես որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, նախընտրական հանդիպումներն անցկացնում է՝ բակ առ բակ անցնելով եւ բարձրախոսով բնակիչներին իրենց ծրագիրը ներկայացնելով:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանինը»՝ Զարուհի Փոստանջյանը: