News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվել է էր Վիրահայոց թեմի թվով 58-րդ «Սուրբ խաչ» գործող եկեղեցին:

Վիրահայոց թեմի լրատվական ծառայությունը հայտնում է, թե Գումբուրդու գյուղում սեփական հայկական եկեղեցի ունենալու տեղացիների 80-ամյա երազանքը վերջապես դարձավ իրականություն: 2011 թվականին Գումբուրդոյի բարեպաշտ հայորդիներ Խաչատուր եւ Սայաթ Սահարյան եղբայրները հանձն առան իրականություն դարձնել մանկությունից իրենց ընտանիքի երազանքը՝ Խաչի Դուռնա տեղանքում կառուցել հայկական աղոթատուն: Նպատակը սուրբ էր. համագյուղացիներին ընձեռել հոգեւոր կանոններով եւ ծիսական արարողություններով ապրելու եւ նաեւ տեղացիների ավանդական Սուրբ Զատիկը այստեղ հավուր պատշաճի նշելու հնարավորություն: Սահարյան ընտանիքի եկեղեցասեր եղբայրների կողմից իրականացվեցին եկեղեցու շինարարության աշխատանքները, բարեկարգվեց շրջակա տարածքը, եկեղեցին հագեցավ անհրաժեշտ գույքով եւ սրբապատկերներով: Կրկնազատկի տոնին գումբուրդոցիները Սուրբ Զատկի տոնը նշեցին իրենց ավանդության համաձայն, այժմ արդեն Սուրբ Խաչ անունով եկեղեցում:

Եկեղեցական արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի ժողովրդական ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, շրջանային վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, բարերար Սայաթ Սահարյանը, տեղացի Աղասի Սուրենյանը, պատվիրակություններ Թբիլիսիից, Երեւանից, Ռուսաստանից եւ Վրաստանի տարբեր շրջաններից, բազում հավատացյալներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ եւ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ Սրբասուրբ մյուռոնով օծվեց նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին:

Այնուհետեւ Սամցխե-Ջավախքի Ախալքալաքի եւ մերձակա գյուղերի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը մատուցեց անդրանիկ Սուրբ Պատարագը: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ եւ հավատացյալները ստացան հաղորդություն:

Հավարտ Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը դիմելով ներկաներին, գնահատանքի խոսք ասաց արժանավոր հայորդիներ Խաչիկ եւ Սայաթ Սահարյանների ազգանվեր նախաձեռնությանը, նրանց փոխանցեց Առաջնորդական օրհնության եւ գնահատանքի գիր եւ մագաղաթյա սրբապատկերով հուշանվերներ: Սրբազան Հայրն իր օրհնությունը բաշխեց նաեւ շինարարական աշխատանքների համակարգող Վալերի Սահարյանին, եկեղեցու ճարտարապետին, շինարարներին եւ այս բարի գործի բոլոր մասնակիցներին:

Ազգանվեր գործի նախաձեռնողներին շնորհակալության, իսկ տեղացիներին շնորհավորանքի խոսքով դիմեցին շրջանային իշխանության ներկայացուցիչները, հյուրերը:

Եկեղեցական արարողության ավարտից հետո հավատացյալ ժողովրդին բաժանվեց մատաղ: Եկեղեցու հարակից տարածքում Վաչիանի պարային համույթի (գեղարվեստական ղեկավար Նասլեթ Քեհյան) եւ Երեւանից ժամանած «Սասուն» համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյան) կողմից ներկայացվեց համերգային ծրագիր: Դուդուկի եւ զուռնայի հոգեհմա մեղեդիների, երգի ու պարի շնորհաշատ կատարումների ներքո օրը Գումբուրդոյում դարձավ հիրավի տոնական եւ անմոռանալի:

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում հայերը հաստատվել են 1828 թվականից, գաղթելով Էրզրումի նահանգի Պալնի-Շակավ գյուղից: Այստեղ դեռեւս 16-րդ դարից ապրող հայերը աղոթք են արել տեղի 10-11-րդ դարի կառույց անգմբեթ տաճարին հարակից կառուցած հայկական վանքում, որը կոչել են Սուրբ Համբարձման անունով եւ որը փլատակների է վերածված: Ռուսաստանաբնակ տեղացի այլ հայորդիներ այժմ գյուղում կառուցում են 400-աշակերտի համար նախատեսված երկհարկանի դպրոցական շենք: Գումբուրդո – թուրքերեն բառ է, որ նշանակում է արեւն այստեղ, գյուղն ունի 3 հազարից ավելի բնակիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ