Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի նպաստում Ցեղասպանության ճանաչմանը, ՀՀ արտաքին քաղաքականությունն ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը:
Հարցին, թե որքանով է արդյունավետ այդ աշխատանքը, նա պատասխանեց. «Այնքանով, որքանով հասարակությունն ականատես է լինելու: Ես կարծում եմ՝ բավականին արդյունավետ է»:
Անդրադառնալով փաստին, որ վերջին շրջանում նոր երկրներ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Լեւոն Սարգսյանն ասաց, որ այդ հարցում իշխանությունների թերացումը չկա. «Կարծում եմ, թերություն չկա մեր աշխատանքի մեջ: Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, գուցե դեռ մի բան էլ ավելի: Դրանք արտաքին հանգամանքներից կախված բաներ են, մեր կամքից անկախ»:
Նա կարծիք հայտնեց, որ երկրի նախագահն այդ ուղղությամբ ամեն ինչ անում է:
Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, Լեւոն Սարգսյանն ասաց. «Ներքին քաղաքական զարգացումներին չեմ հետեւում, բացարձակապես դրանով չեմ զբաղվում»: