News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով հրապարակած ուղերձում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ սպասվում էր, խուսափեց «Ցեղասպանություն» եզրույթից: Իր նախորդի՝ Բարաք Օբամայի նման նա նախապատվությունը տվել է «Մեծ եղեռն» եզրույթին: Նա խոսել է տեղահանությունների, կոտորածների ու մահվան քարավանների մասին՝ հավելելով, որ միանում է «Ամերիկայի հայկական համայնքին եւ աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը»:

Իսկ Երեւանում վաղ առավոտից հարյուրավոր հազարավոր մարդիկ բարձրանում էին Ծիծեռնակաբերդի բարձունք: Ավանդույթի համաձայն, առավոտյան ցեղասպանության զոհերի հուշահամալիրում են եղել երկրի բարձրաստիճան պետական այրերը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսն անմար կրակի մոտ հոգեհանգստի կարգ է կատարել:

Մինչ այդ, նախագահը երեկ «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի փակ դիտմանը: Ժապավենի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 21-ին, երեւանյան պրեմիերան նախանշված է ապրիլի 27-ին: Երկար սպասված ու արդեն մեծ աղմուկ հանած ֆիլմը ստեղծել են Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերությունն ու օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը: Գլխավոր դերերում հադես են եկել Օսկար Այզեքը, Շարլոթ լը Բոնը, Քրիստիան Բեյլը:

Այսօր հայտնի են դարձել նաեւ «Ավրորա» մրցանակաբաշխության 2017 թվականի մրցանակի 5 հավակնորդների անունները: Նրանք են՝ մայր եւ դուստր Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, Ջամիլիա Աֆղանին, որը զբաղվում է Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ, սիրիացի 26-ամյա բժիշկ Մուհամմադ Դարվիշը, Կոնգոյից Դենիս Մուքվեբեն եւ Թոմ Կատինան՝ ամերիկացի բժիշկ, որը Սուդանում է աշխատում:

Մրցանակի հավակնորդների թվում են եղել նաեւ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը եւ բժիշկ Լիզան: Սակայն, մրցանակաբաշխութան համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի խոսքով, «Ավրորա-2017»-ի մրցանակակիրների եզրափակիչ ցանկում չեն ներառվել, քանի որ, դժբախտաբար, ողջ չեն: Ռուբեն Վարդանյանն իր ելույթում խոսել է Հայաստանի եւ Սփյուռքի ներուժի միավորման անհրաժեշտության մասին. համոզված է, որ այդ դեպքում Հայաստանը չքնաղ երկիր կդառնա: Իսկ Հայաստանի զարգացմանն օգնելու համար, ըստ Վարդանյանի, պարտադիր չէ կառավարության կազմում լինել կամ որեւէ այլ պաշտոն զբաղեցնել:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով միջոցառումներ են կազմակերպվել աշխարհի բազմաթիվ երկրներում: Ստամբուլում սգո արարողություններից մեկն էլ անցկացվել է 2011 թվականի ապրիլի 24-ին ծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի շիրմի մոտ: Գերեզամանատուն են այցելել ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ քուրդ եւ թուրք գործիչներ:

Իսկ Երեւանում Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումները հետին պլան էին մղել մայրաքաղաքի քաղաքական կյանքի կարեւոր իրադարձությունը՝ ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցող ուժերը Ծիծեռնակաբերդ են այցելել, նաեւ պատասխանել լրագրողների հարցերին:

Բազմաթիվ հարցեր բաց են մնացել դեռեւս խորհրդարանական ընտրություններից հետո: Օգտվելով առիթից՝ լրագրողները մի քանի հարցերի պատասխան փորձել են ստանալ Ծիծեռնակաբերդ այցելած գործիչներից: Շատերին է հետաքրքրում, արդյո՞ք իրականություն կդառնա նախընտրական քարոզչության ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարած 15 մլրդ դոլարի ներդրումը: Ծառուկյանն ասել է, որ ներդրումները կարվեին, եթե իր գլխավորած դաշինքը խորհրդարանում մեծամասնություն ունենար:

Ընտրություններում, ամեն դեպքում, «Ծառուկյան» դաշինքը տպավորիչ հաղթանակ տարավ, եւ այս ուժի հետ խորհրդարան մտավ նաեւ նախկին վարչապետի որդին: Հովիկ Աբրահամյանին այսօր հարցրել են. հնարավո՞ր է՝ ինքն էլ ԲՀԿ-ի շարքերը համալրի: Աբրահամյանը վստահեցրել է, որ չի լքել Հանրապետական կուսակցությունը:

Հավելենք, որ երեկ անցկացվել է նաեւ ավանդական ջահերով երթը: Երթի մասնակիցները ջահերով եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշներով Ազատության հրապարակից շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ գիշերը նաեւ հսկման կարգ է կատարվել:

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայացավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Քվեարկության արդյունքներով՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը ստացել է 23.86%, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21.43% ձայն: Նրանք էլ կշարունակեն պայքարը մայիսի 7-ին նախանշված երկրորդ փուլում: Եթե վստահենք սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքներին, կհաղթի Էմանուել Մակրոնը: Դրանց համաձայն՝ էկոնոմիկայի նախկին նախարարը մրցակցին կհաղթի 62%-38% հարաբերակցությամբ:

Նախընտրական քարոզչության ընթացքում գրեթե բոլոր թեկնածուներն անդրադարձել են Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրներին ու պահանջներին: Մարին Լը Պենը շեշտադրում էր, որ իր ղեկավարած քաղաքական ուժը դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, Էմանուել Մակրոնն էլ խոսում էր Ցեղասպանության ժխտման քրեականացման անհրաժեշտության մասին: Ֆրանսիայի հայերը, սակայն, հակված են սատարել Մակրոնին. կարծում են, որ երկրորդ փուլ անցած թեկնածուներից հենց նա ավելի հայամետ քաղաքականություն կարող է վարել: Ի դեպ՝ այսօր Էմանուել Մակրոնը Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը:

Իսկ մամուլում հրապարակումներ են հայտնվում հիմնական մրցակիցների անձնական կյանքի մասին: Էմանուել Մակրոնն ամուսնացած է իրենից 23 տարով մեծ Բրիջիթ Մակրոնի հետ: Բրիջիթն Էմանուելի դպրոցական ուսուցչուհին է եղել, որին Մակրոնը սիրահարվել է դեռ 15 տարեկանում: Զույգն ամուսնացել է 2007 թվականին: Նրանք համատեղ երեխաներ չունեն, բայց Էմանուել Մակրոնը լավ հարաբերություններ ունի կնոջ 3 երեխաների եւ 6 թոռների հետ: Մարին Լը Պենի կյանքի ուղեկիցն իր գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Լուի Ալիոն է: Ի դեպ՝ հետաքրքիր փաստ Լը Պենի քաղաքական կյանքից. նա 18 տարեկանում անդամակցել է հոր՝ Ժան-Մարի Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությանն ու հետագայում հորը վտարել իր իսկ ստեղծած կուսակցությունից: Դրանից հետ Ժան-Մարի Լը Պենը հայտարարել է, որ ամաչում է, որ «դուստրն իր ազգանունն է կրում»:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում սկանդալ է հասունանում: Վեհաժողովում ուկրաինական պատվիրակությունը պահանջում է ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը: Պատճառն այն է, որ Ագրամունտը ռուսական պատվիրակության ուղեկցությամբ Սիրիա է մեկնել: Ագրամունտն արդեն հայտարարել է, որ Սիրիա իր այցելությունը սխալ էր եւ ներողություն խնդրել, բայց դա չի փրկել իրավիճակը: Ելույթից անմիջապես հետո նրա հրաժարականն են պահանջել: Նշենք, որ Պեդրո Ագրամունտը հայտնի է ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նրա անունը կապում են նաեւ եվրոպական կառույցում Ադրբեջանի մասնակցությամբ մի շարք կոռուպցիոն սկանդալների հետ:

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործով ձերբակալված կա՝ 20-ամյա Արման Ջանջուղազյանը: Նա տեղափոխվել է Երեւան, քանի որ սպանության գործը քննելու է Երեւանի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունը: Վաղը լրանալու է նրա ձերբակալության 72 ժամը, որից հետո կորոշվի նրա կալանքի կամ ազատ արձակման հարցը: Պաշտպան Արամայիս Հայրապետյանի տեղեկացմամբ՝ Ջանջուղազյանը Ստեփանավանի բնակիչ է, Գյումրի է գնացել հենց սպանության օրը: Ըստ տեղեկությունների՝ 20-ամյա երիտասարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ժամկետային ծառայություն անցնելիս մի քանի անգամ ինքնավնասման փորձ է արել: Մի շարք փորձաքննություններ են նշանակվել:

Ապրիլի 24-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 612 դրամ:

Ապրիլի 25-ին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ