News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել: Հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը: Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել գլխի շրջանում:

Նարեկ Հարությունյանը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից էր, երկու ամիս անց զորացրվելու էր: Նարեկն ընտանիքի միակ որդին էր, մեկ քույր ունի: Հայրը երրորդ կարգի հաշմանդամ է: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում: Լեռնուտի գյուղապետը պատմել է, որ դպրոցն ավարտելուց հետո տղան բանակ է զորակոչվել, մտադիր էր զորացրվելուց հետո կրթություն ստանալ: Արցախի նախագահի հրամանագրով՝ Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Արցախի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում էլ, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել 1998 թվականին ծնված զինծառայող Կարեն Արմենի Ավետիսյանը: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Ավետիսյանի դին հայտնաբերել են ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Նախնական տվյալներով՝ Կարեն Ավետիսյանն ինքն է իրեն վնասվածք հասցրել՝ իրեն ամրակցված գնդացրով:

Սահմանադրական դատարանն այսօր սկսել է քննել «Կոնգրես-ՀԺԿ»-ի ներկայացրած հայցը, որով դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ ապրիլի 2-ի քվեարկությունը ժողովրդի կամքի զանգվածային խեղաթյուրում էր: 2012 թվականին նույնպես ՍԴ եկած Զուրաբյանն այսօր «դեժավյուի» զգացողություն է ունեցել: Շարունակական ընտրակեղծիքների, ապարդյուն բողոքարկումների մասին Լեւոն Զուրաբյանի ելույթը Սահմանադրական դատարանի նախագահն ընդհատել է. խորհրդարանում չեք, քաղաքական ելույթ մի ունեցեք: Գագիկ Հարությունյանը հորդորել է փաստերով խոսել, Զուրաբյանն էլ փաստել է. տարակուսում է, թե լռության ուխտ արած պատգամավորներն ինչպես են մեծ թվով ձայներով նորից խորհրդարան անցել:

Հարթ չի անցել նաեւ տեսանյութերի հարցի քննարկումը: Այս անգամ էլ Լեւոն Զուրաբյանը վիճաբանել է պատասխանող կողմի ներկայացուցչի՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Գագիկ Հարությունյանը շտապել է հաշտեցնել կողմերին. «Եկեք առանց պիտակավորումների, կարող եմ զրկել խոսքի իրավունքից»:

Դաշինքի իրավաբան Տիգրան Եգորյանը ներկայացված փաստերին հավելյալ նյութեր կցելու միջնորդություն է ներկայացրել: Մինչեւ վաղը ժամը 12-ը Սահմանադրական դատարանը պետք է ծանոթանա նյութերին, ինչից հետո էլ կշարունակվի նիստը:

Մինչ վիճարկում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քաղաքական ուժերը շարունակում են Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Նիկոլ Փաշինյանի մոտ նախորդ ընտրարշավի հնարքների տպավորությունը, կարծես, դեռ թարմ է: Այսօր էլ ավտոտնակներ է տեսել, գայթակղվել ու նորից դրանց տանիք բարձրացել: Դաշինքի անդամները երեւանցիներին հորդորել են չհուսահատվել. «Ելք» կա: Ընտրարշավը մետրոյում սկսած Նիկոլ Փաշինյանը համախոհների հետ այսօր էլ ավտոբուսներին է անցել: Նոր Նորքում «Ելք»-ի ներկայացուցիչները թիվ 22 երթուղու ավտոբուս են նստել՝ քարոզչությունը համեմելով Երեւանի օրհներգի կատարմամբ:

Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն էլ այսօր Շենգավիթում էր: Ինչպես նախորդ հանդիպումներում՝ այս անգամ էլ խոսել է իր պաշտոնավարման տարիներին արված աշխատանքի ու կիսատ թողածը շարունակելու ցանկության մասին:

Մի քանի տոնավաճառների առեւտրականներ այսօր կրկին կառավարության շենքի մոտ էին: Նախորդ ցույցի ժամանակ վարչապետի օգնականի հետ էին հանդիպել, այսօր էլ եկել էին՝ ձեւակերպված պահանջներն ու առաջարկները ներկայացնելու: Առեւտրականները դժգոհում են ապրանքների փաստաթղթավորման պահանջի դեմ ու առաջարկում «մեկ պատուհանի» սկզբունքը ներդնել՝ հարկերը գանձելով հենց սահմանին, ապրանքների մաքսազերծման ժամանակ:

Այսօր էլ ցուցարարների ներկայացուցիչները հանդիպել են պետեկամուտների կոմիտեի պաշտոնյաների հետ: Վերջինները խոստացել են քննարկել առաջարկներն ու օրենքի շրջանակում լուծում գտնել: Մինչ այդ, հարկային տեսուչները նրանց չեն անհանգստացնի: Նշենք, որ կառավարությունը փաստաթղթավորված աշխատանք է պահանջում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ապրանքի վաճառքի մասին պետք է փաստաթուղթ ներկայացնել, ինչին առեւտրականները դեմ են: Նրանք հաստատագրված վճարի սահմանում են պահանջում:

«Հաց բերողի» հարազատներն ու ընկերներն այսօր՝ նրա մահվան 40-րդ օրը, Արթուր Սարգսյանի շիրմին են այցելել: Հարազատներն իրենց հետ «Հաց բերողի» դեմ ոճրագործության 40-րդ օրը» գրությամբ պաստառ էին բերել: Հիշում են. բազմաթիվ ցանկություններ ուներ, սիրում էր երեխաների հետ պարապել, նրանց քննությունների նախապատրաստել: Արցախյան պատերազմին մասնակցած Արթուր Սարգսյանի երազանքն էր, որ իրեն «Եռաբլուր»-ում հողին հանձնեն: Երբեմն գնում էր «Եռաբլուր», նստում զինակից ընկերների շիրիմների կողքին ու խոսում նրանց հետ: Հիմա էլ ընկերները հույս ունեն, որ մի օր նրա աճյունը կվերահուղարկավորեն զինվորական պանթեոնում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին, հիվանդանոցում: Անցյալ տարվա ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին նա կրակահերթերի տակ մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու սնունդ տարել «Սասնա ծռեր»-ի անդամներին:

Որպես անհետ կորած որոնվողին ծառից կախված են գտել: Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցու մոտակայքում, ծառից կախված տղամարդու դի են հայտնաբերել: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահացածի ինքնությունը պարզվել է. նա Երեւանի 31-ամյա բնակիչ է, որին իրավապահները որոնում էին որպես անհետ կորածի:

Ապրիլի 25-ին դոլարն էժանացել է, եվրոն՝ կտրուկ թանկացել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 527, ռուբլունը՝ 8 դրամ 65 լումա, ֆունտինը՝ 620 դրամ:

Ապրիլի 26-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-30-ը 5-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ