News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարություններում մեկնարկել են հակակարկտային համակարգի արդիականացման եւ կարկտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ներդրման գործընթացը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության  «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնի ներկայացուցիչներին: ՀՀ ԱԻՆ պատվերով կենտրոնն իրականացրել է երկրի կարկտավտանգ տարածքների ուսումնասիրություն, որի հիման վրա էլ ներկայացվել են հակակարկտային համակարգի արդիականացման մեխանիզմն ուի հնարավորությունները:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի տարածքում  ավտոմատ հրթիռային տեխնոլոգիաների կիրառումը՝ կարկտահարությունից գյուղատնտեսական կուլտուրաների վնասը մեղմելու համար:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանը եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ:

«ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնի կոմերցիոն տնօրեն Ալի Աբշաեւը ներկայացրեց առաջարկվող նոր տեխնոլոգիաների ընդհանուր բնութագիրը եւ պաշտպանվող տարածքներում կիրառման ձեւերը:

Ըստ նախնական հաշվարկների՝ միջինում բերքի 5-6 տոկոսը վնասվում է կարկտաբեր ամպերից: Հակակարկտային հրթիռային տեխնոլոգիաները հավաքագրված են առաջատար եւ ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս 80-90 %-ով կրճատել  կարկտից բերքի վնասի չափերը: Այդ գործընթացում առաջնային նշանակություն ունեն նաեւ արդիականացված ռադիոլոկացիոն կայանները, որոնք հնարավորություն են  տալիս ճշգրիտ օգտագործել հակակարկտային կայաններն ու ավիացիայի միջոցները:

«ԱՆՏԻԳՐԱԴ» գիտաարտադրական կենտրոնն ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի տարածքում (1մլն 134 հազար հա), նախանշել կարկտաբեր առավել վտանգավոր տարածքները, կազմել անհրաժեշտ կայանների տեղադրման քարտեզը:

Նոր հակակարկտային համակարգը հնարավորինս կրճատել է մարդկային գործոնը, համակարգի անխափան աշխատանքը իրականացվում է ղեկավարման եւ վերահսկման միասնական կենտրոնից:

Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Ա. Աբշաեւը նշեց, որ հրթիռը որեւէ պայթուցիկ, վտանգավոր նյութ չի պարունակում, այն վտանգ չի ներկայացնում նաեւ ինքնաթիռների համար, քանի որ վերջինիս գործարկման  առավելագույն բարձրությունը 5-6 կմ է: Նոր համակարգի կիրառումն արդյունավետ է ոչ միայն գյուղատնտեսական ոլորտում, այլեւ` ավիացիոն ոլորտում: Կարկտավտանգավոր ամպերի պատճառով թռիչքների հետաձգման դեպքում հրթիռը կարող է ցրել այդ ամպը« սակայն դրա գործարկման համար անհրաժեշտ է ներգրաված բոլոր օղակների ճշգրիտ եւ կապակցված աշխատանքը: Առաջարկվող համակարգն առավել մատչելի է եւ արդյունավետ, որը կարող է ծառայել 15-20 տարի:

Նախարար Դ. Տոնոյանը հանձնարարեց սեղմ ժամկետում ձեւավորել աշխատանքային խումբ եւ ներկայացնել պիլոտային ծրագրի նախնական տարբերակը՝ առաջիկա հանդիպմանն առավել հստակ քննարկելու նպատակով:

Տպել
Ամենաշատ