News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017-ին Հայաստանը կարող է իրեն թույլ տալ լրացուցիչ վարկեր վերցնել երկարաժամկետ աճի համար ։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հիմնադրամ Հոսեյն Սամիեին։

Extended Fund Facility հիմնադրամի ծրագիրը, որով Հայաստանում պետք է բաշխվի 82․21 մլն SDR (մոտավորապես 112 մլն դոլար), կավարտվի հունիսին։ Հայաստանը մտածում է բարեփոխումների աջակցության նոր ծրագրի դիմելու մասին։ Հիմնադրամի հետ բանակցությունները դեռ սկզբնական փուլում են։

Հայաստանի տնտեսական աճն աջակցելուն կօգնեն նոր կապիտալ ծախսերը ու այս հարցում կառավարությունը կարող է օգտվել նոր վարկերից ՝ այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ու դոնորներից, հավելել է Սամիեին։

2017-ի բյուջեում Հայաստանի իշխանությունները կրճատել են դեֆիցիտը՝ ՀՆԱ 5․6 տոկոսից հասցնելով 2․8 տոկոսի։ 2016-ի սկզբին երկրում սկսել է աճել տնտեսական ակտիվությունը, բայց տարվա ընթացքում տնտեսության վրա բացասաբար են ազդել արտաքին դժվարությունները (աշխատանքային միգրանտներից դրամական փոխանցումների կրճատումն ու պղնձի ոչ բարձր գները) ։ Մյուս խնդիրն է դարձել գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշների կրճատումը, ինչը կարող է բացատրվել նաեւ նախկին վիճակագրության հավաստիությանը վերաբերող հարցերով ՝ այս մասին նոր կառավարության ներկայացուցիչները 2016-ի վերջին մի շարք դիտարկումներ են արել ։

Արդյունքում 2016-ի սկզբին իշխանությունները ակնկալում էին 3 տոկոսը գերազանցող տնտեսական աճ, բայց փաստացի այն կազմել է 0․2 տոկոս։

Սակայն 2017-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը սկսել է աճել, իսկ բյուջեի լրացուցիչ ծախսերը կազմել են ՀՆԱ 0․2-ից 0․3 տոկոս։ Դրա համար էլ ամբողջ տարվա համար իշխանություններն ակնկալում են ՀՆԱ 1 տոկոսի չափ եկամուտներ, ինչը հավասար է 50 մլրդ դրամի կամ էլ 100 մլն դոլարից քիչ ավելին։

«2017-ին լրացուցիչ կապիտալ ծախսերը կարող են օգնել տնտեսության թե կարճաժամկետ աճին, թե ապագա արդյունավետությանը։ Դրա համար էլ մեր կարծիքով, փոքր լրացուցիչ վարկերը, որոնք կապահովեն արտասահմանյան ֆինանսավորման անընդմեջությունը, կարող են արդարացված լինել։ Ենթակառուցվածքային նախագծերը ստեղծում են կարճաժամկետ զբաղվածություն, իսկ հետագայում դառնում են նաեւ լավ հիմք արդյունավետության աճի համար։

Այդ պատճառով էլ, մեր կարծիքով, նույնիսկ եթե 2017-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ծրագրվածից մի փոքր բարձր լինի, դա խնդիր չի դառնա տնտեսության համար,եթե վարկերը վերցվեն լավ պայմաններով լավ ենթակառուցվածքային նախագծերի համար ու եթե միջնաժամկետ հեռանկարում պահպանվի եկամուտների հնարավորություները»,- ասել է Սամիեին։

Հիմա ԱՄՀ-ն Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս առնվազն 30 տոկոսի միջին դրամաշնորհային բաղադրիչ։ Առայժմ հանրապետությունը պահպանում է այդ կանոնը՝ պարտքի սպասարկման համար ընդհանուր ծախսերը կազմում են 30 տոկոսով քիչ, քան եթե վարկերը շուկայական պայմաններով վերցվեին։ Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը մոտ է 50 տոկոսին ( ըստ 2017-ի վերջի համար Ֆիննախի նախկին կանխատեսումների ՝ 56․8 տոկոս), բայց եթե վերահաշվարկենք պարտքի ներկայացված արժեքը՝ հաշվի առնելով արտոնյան բաղադրիչները, ապա ծանրաբեռնվածությունը կնվազի մինչեւ ՀՆԱ 40 տոկոս։ Դրա շնորհիվ պետությունը դեռ վարկեր վերցնելու հնարավորություն ունի, հավելել է Սամիեին։

Միաժամանակ, ծրագրվածից քիչ եկամուտների դեպքում իշխանությունները պատրաստում են ոչ առաջին անհրաժեշտության ծախսերը կրճատելու ծրագիր։

«ԱՄՀ ամենամյա գարնանային հանդիպումների ժամանակ մենք հանդիպել ենք ՀՀ ֆինանսների նախարարի հետ ու քննարկել բյուջետային դեֆիցիտի ներկայիս խիստ կանոնների վերանայման հարցը։ Ամռանը մենք Հայաստան կուղարկենք տեխնիկական աջակցության առաքելություն։

Եթե Հայաստանը որոշի վերանայել բյուջետային կանոնը, հասարակությանը պետք է բացատրել դրա նպատակը՝ չխրվել պարտքերի մեջ, այլ դնել ապագա աճի հիմքը , ընդ որում խստորեն պահելով պարտքը կառավարելիության սահմաններում։ Դա կարող է բարդ լինել, բայց մենք պատրաստ ենք համագործակցել ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել»,- ամփոփել է Սամիեին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ