Հայկական նոր ստիկերներներ են մշակվում, որոնց թողարկումը տեղի կունենա շուտով: Այս մասին NEWS.am-թղթակցի հետ զրույցում հայտնեց «Zangi» մեսինջերի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը՝ ավելացնելով, որ մշակվում են տեքստային, կերպարային և անիմացիոն ստիկերներ: «Zangi»-ում հայկական թեմատիկայով արդեն թողարկված ստիկերների մասին օգտատերերի լավ արձագանքը մեզ ոգեշնչեց, որ այս աշխատանքը շարունակենք: Թողարկել ենք 3 խմբաքանակ, «Հայկական զրույց»՝ 2 մասով, և կանանց տոների կապակցությամբ «Ծաղկի ուժը» վերնագրերով: Օգտատերերի արձագանքը շատ դրական էր: Նույնիսկ առաջարկներով նամակներ ենք ստանում Facebook-ի «Zangi»-ի էջին, կամ «Zangi»-ի կայքին, օգտատերերը խնդրում են իրենց տարբերակներն էլ ստիկերի վերածենք»,- ասաց նա՝ նշելով, որ որոշ դեպքերում առաջարկները ընդունում են:
Ըստ նրա՝ «Zangi»-ում ստիկերների մշակման ընթացքում ավելի մեծ ուշադրություն են դարձնում դրանց դիզայնի վրա:
Ընթերցողն ինքն էլ կարող է համեմատել «Zangi»-ի և մեկ այլ մեսինջերի ստիկերների դիզայներական տարբերությունները: Օրինակ՝ շատ այլ մեսինջերներ ստիկերի կազմության ժամանակ օգտագործում են մեկ չափ և ձև, ինչը ստիկերի ստեղծումը արագացնում է, բայց այն հետևանք է թողնում դրա գրավչության և ազդեցության վրա: Առաջին հայացքից թվում է, թե նշվածը երկրորդական կամ երրորդական նշանակություն ունի: Սակայն դա այդպես չէ: Ստիկերների օգտագործման վիճակագրությունը, և այն օգտագործողների տարիքային խմբին ուշադրություն դարձնելիս պարզ է դառնում, որ ստիկերները «շփման» նոր միջոց են դառնում կամ արդեն դարձել երեխաների ու դեռահասների համար: Facebook messenger-ում 2017թ. տվյալներով օրական գեներացվում է մոտ 380 մլն ստիկեր, 1 վայրկյանում 254 GIF է ուղարկվում: Դրանց օգտագործողների հիմնական մասը դեռահասներ ու երեխաներ են:
Այս ցուցանիշները հուշում են, որ ավանդական «չաթը», որի լոկոմոտիվը 90-ական 2000-ականների սերունդ է, տրանսֆորմացվում է՝ տառերին փոխարինելու է գալիս թեմատիկ պատկերը: Որպես մեսինջեր «Zangi»-ի համար անհրաժեշտ է ունենալ ստիկերներ, որպեսզի գրավիչ լինի, և չզիջի մրցակից մեսինջերներին, իսկ որպես հայկական արտադրության մեսինջեր, «Zangi»-ն նաև անվճար ընձեռնում է երեխաների համար նորագույն շփման հնարավորությունը: Եթե երեխաները նախընտրում են շփվել ստիկերներով, ապա դրանք կարող են լինել նաև հայերեն: