News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին Հռոմում եւ Նեապոլում՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:

Ապրիլի 23-ին Տիբերյան կղզու Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները, Սանտ Էջիդիո համայնքի եկեղեցականների հետ միասին, առաջին անգամ համատեղ ծիսական արարողություն կատարեցին՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, իտալահայ համայնքի անդամներ:

Ապրիլի 24-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նեապոլի արքեպիսկոպոս Կարդինալ Կրեշենցիո Սեպեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջեւ մատուցած Տիրունական աղոթքից հետո իր ողջույնի խոսքն ուղղեց եկեղեցում հավաքված հավատացյալներին: Նա իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին նեապոլցիների կողմից սիրված Սուրբ Գրիգոր Հայի մասունքները դեռեւս 2 տարի առաջ սկզբնական մատուռ վերադարձնելու նախաձեռնության համար: Այնուհետեւ հնչեց Սրբին նվիրված հիմնը:

Արարողությունից հետո թափորը շարժվեց դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող, որտեղ Կարդինալ Սեպեն իր աղոթքը հնչեցրեց Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Ընթերցվեց Հովհաննես-Պողոս 2-րդի եւ Ֆրանցիսկոս 1-ինի կողմից Ծիծեռնակաբերդում հնչեցրած աղոթքները: Միջոցառմանը ներկա էին նաեւ Նեապոլի հայ համայնքի անդամներ:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը նաեւ հարցազրույց էր տվել իտալական «La Stampa» հեղինակավոր թերթին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղեւորությունը Հայաստան եւ այդ այցի նշանակությունն ապագայի համար:

ՀՀ դեսպանը նշել էր, «Անցյալը կարող է օգնել մեզ ապագային նայելու հարցում, եւ դրա համար հայերն անխոնջ պայքարում են արդեն ավելի քան մեկ դար: Դեսպանի խոսքերով, եթե հարյուր տարի առաջ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը ճիշտ գնահատականի արժանանար, ինչպես ուշացումով ազգերն անում են վերջին տասնամյակներին, հավանաբար այսօր կունենայինք այլ իրավիճակ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների դեպքում: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ դեսպան Մինասյանն ընդգծել է, որ հայերը Թուրքիայից սպասում են այն քայլին ու գիտակցմանը, որ անցյալում մշակութային եւ քաղաքական բազմազանությունն իրենց հարստությունն են եղել: Մինչդեռ, այս ընդհանուր հիշողությունը մշտապես մերժվում եւ մոռացվում է»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ