News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր շարունակել է դեռ ապրիլի 23-ին սկսված  շրջայցերը մայրաքաղաքի եւ մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով:

Խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել Երեւանի «Նոր Զովք» եւ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում եւ մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում: Հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են:

Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել եւ ոչնչացվել  նաեւ հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) եւ Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում:

Ադրբեջանական խնձորի հայտնաբերման աշխատանքներին մեծապես նպաստել են սպառողների կողմից ՍԱՊԾ «Թեժ գծին» ուղղված զանգերը: Ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունից հետո ստացվել է մոտ երկու տասնյակ ահազանգ Երեւանից եւ մարզերից: Ծառայության օպերատիվ խումբն արձագանքել է բոլոր ահազանգերին, այցելել նշված հասցեներով եւ, հավաստիանալով, որ իրացվում է ադրբեջանական ծագման խնձոր, տեղում արգելել է վաճառքը եւ ոչնչացրել առկա ամբողջ խմբաքանակը: ՍԱՊԾ-ն ողջունում է սպառողների ակտիվ արձագանքը եւ կարեւորում վերջիններիս հետեւողականությունը դեպքերը բացահայտելու հարցում:

Ծառայությունը շարունակելու է շրջայցերն ու վերահսկողական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ադրբեջանական ծագման խնձորի ողջ խմբաքանակը: Այս գործընթացը պահանջում է պարբերական եւ հետեւողական աշխատանք՝ բացառելու համար անբարեխիղճ տնտեսավարողների կողմից խմբաքանակները թաքցնելու փորձերը:

ՍԱՊԾ-ն կոչ է անում սպառողներին շարունակել հետեւողական լինել եւ անմիջապես զանգահարել ՍԱՊԾ թեժ գծին՝ 010 206040 շուրջօրյա հեռախոսահամարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ