News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 27-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկել է «Երկրաշարժի դեպքում որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում» թեմայով դաշտային վարժանք:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) պահանջներին համապատասխան եւ նպատակ ունի բարձրացնել ՀՀ ԱԻՆ միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմերի (ՔՈՓ) պատրաստվածության մակարդակը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հայտարարել է ԱԻՆ անձնակազմի ուսումնական հավաք, եւ վաղ առավոտյան ԱԻ նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՓԾ ղեկավար կազմը եւ այլ առնչվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Ըստ ուսումնավարժության սցենարի` հարեւան երկրներից մեկում գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի «ուժգնությունն» էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Նախնական տվյալներով` կան բազմաթիվ «զոհեր ու վիրավորներ»: Երկրաշարժից «տուժած» երկրի կառավարությունը մարդասիրական օգնության հայտով դիմել է միջազգային հանրությանը: ՀՀ ԱԻ նախարարը որոշում է կայացրել արձագանքել տեղի ունեցած «աղետին» եւ հանձնարարել է կազմակերպել ՀՀ ԱԻՆ փրկարարական ջոկատների մեկնումը «տուժած» երկիր:

Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Դ.Տոնոյանին զեկուցել են ստեղծված իրավիճակի մասին:  Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ. 6-ժամվա ընթացքում միջազգային առաքելության թիմերը բերել պատրաստության` մեկնելու «տուժած» երկիր, ՀՀ ԱԳՆ եւ միջազգային կառույցների միջոցով պարբերաբար ճշտել «աղետի» գոտու, ինչպես նաեւ տվյալ երկրում քաղաքական իրավիճակը, ապահովել փոխգործակցություն արձագանքման գործընթացում ներգրավված այլ գերատեսչությունների հետ, իրականացնել «աղետի» գոտու եւ տարածաշրջանի սեյսմիկ վիճակի մշտադիտարկում:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանձնարարել է նաեւ պարբերաբար զեկուցել վարժանքի ընթացքի եւ կատարած աշխատանքների մասին: Հանրային իրազեկման անհրաժեշտությունից ելնելով` վարժանքի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար տրամադրվելու է նաեւ զանգվածային լրատվամիջոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ