News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը


Հայտնի չէ, թե որ երկրից է Հայաստան ներկրվել ադրբեջանական խնձոր եւ ով է ներմուծող ընկերությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

«Ապրիլի 23-ին ստացված հաղորդագրությունների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրականացրել է մի շարք վայրերում շրջայց, որտեղ արձանագրվեցին այդ դեպքերը, ապրիլի 25-ին երեկոյան արդյունքները հրապարակվեցին, որ այդ ապրանքը չունի անվտանգություն հավաստող փաստաթղթեր եւ ենթակա է օտարման»,- ասաց Իշխան Կարապետյանը:

Թե ինչպես է ադրբեջանական խնձորը հայտնվել հայկական շուկայում, ՍԱՊԾ պետը նշեց, որ իրենց կառույցն այժմ ՊԵԿ-ի հետ ուսումնասիրություններ է կատարում դա պարզելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի շարք սուպերմարկետներում եւ խանութներում ադրբեջանական արտադրության խնձոր է վաճառվում: Այս առնչությամբ ՍԱՊԾ-ն հայտարարել էր, որ խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել մասնավորապես Երեւանի «Նոր Զովք» եւ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում եւ մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում: Հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են:

Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել եւ ոչնչացվել  նաեւ հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) եւ Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում:

Այդ հաղորդագրությունից հետո քաղաքացիներն ահազանգել էին, որ դեռեւս որոշ խանութներում ու շուկաներում ադրբեջանական խնձոր է հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news