News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ ապրիլի 27-ին, կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից հարկային քաղաքականության եւ վարչարարության խորհրդատվական կոմիտեի հերթական 11-րդ նիստը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նիստը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը: Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ փորձագետներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից:

Կարեւորելով  նման մասնագիտական մակարդակով հանդիպումների պարբերաբար կազմակերպումը` նախարար Վարդան Արամյանը նշել է. «Բնական է, որ որպես նորաստեղծ միջազգային տնտեսական կազմակերպություն՝ ԵՏՄ տարածքում պետք է ծագեն կարգավորման ենթակա բազմաթիվ խնդիրներ, եւ հենց նման տիպի հարթակներն ու հանդիպումներն են, որ հնարավորություն են տալիս հնարավորինս արագ արձագանքել, քննարկել եւ կարգավորել առկա խնդիրները»:

Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր, մասնավորապես՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հավելվածում փոփոխությունների կատարմանը, փոխադարձ առեւտրում անուղղակի հարկերի հավաքագրման սկզբունքներին, հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը, փոխադարձ առեւտրի դյուրացմանը եւ ընթացակարգերի պարզեցմանը, ինչպես նաեւ էլեկտրոնային առեւտրի հարկման հայեցակարգի ձեւավորմանն առնչվող հարցերը:

Կողմերի համաձայնությամբ որոշվել է խորհրդատվական կոմիտեի հաջորդ  նիստն անցկացնել սույն թվականի սեպտեմբեր ամսին:

Տպել
Ամենաշատ