News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուներին է բաժին ընկել երկրի պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 69 տոկոսը։ Բայց սխալ կլիներ այս «ձեռքբերումը» վերագրել միայն խոշոր կապիտալին։ «1000» անվանմանը համապատասխանելու  համար ցուցակում ընդգրկվել են գործունեության ծավալներով տարբեր տրամաչափերի ընկերություններ։ Այնպես որ հարյուրավոր հարկատուներից շատերին միայն պայմանականորեն կարելի է խոշորագույն անվանել։

Նշենք, որ վարկանիշի անվիճելի առաջատարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որը ապահովել է խոշորագույնների կողմից պետբյուջեին վճարված հարկերի գումարի գրեթե մեկ տասներորդ մասը՝ 9․6 տոկոսը։ Ժամանակին գազային մոնոպոլիստը մի շարք փաստարկներ էր ներկայացնում սակագների բարձրացման օգտին։ Ընկերության հայտը ստացել էր հանրային կարգավորողի աջակցությունը ու բնական գազի գնման գնի ու դրա սակագների միջեւ տարբերությունը ավելի էր աճել։

Դա, ինչպես տեսնում ենք, բարերար է անդրադարձել ընկերության գործերի վրա, ու դրա ներդրումը հարկերի ոլորտում դարձել է պարզապես բացառիկ մեր երկրի համար։ Չէ՞ որ վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրած «Գրանդ տոբակոն» եռակի քիչ հարկ է վճարել , քան առաջատարը։ Ի դեպ, ծխախոտի ոլորտի մեկ այլ ձեռնարկություն՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ԲԲԸ-ն, նույնպես մտել է առաջին տասնյակ՝ զբաղեցնելով 10-րդ տեղը ։

Ժամանակին խոշորագույնների ցուցակի առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն էր եւ թվում էր, թե նա երկար կպահպանի իր առաջատար դիրքը։ Բայց վերջին տասը տարիներին պղնձի համաշխարհային շուկայում իրավիճակը զգալիորեն վատացել է, գները հետեւողականորեն նվազել են ու հասել «հատակին» անցած տարվա սկզբին։

Սակայն վերջին ամիսներին պղինձը մի քիչ թանկացել է։ Այս գործոնը դրական է ազդել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի վրա, որը նաեւ մինչ այդ ձեռնարկել էր միջոցառումներ՝ արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու համար։ Հաշվետու եռամսյակում վճարելով 2․4 անգամ շատ հարկ, քան մեկ տարի առաջ, կոմբինատը վարկանիշում 11-ր դ տեղից բարձրացել է 3-րդ տեղ։

Պատվաբեր տասնյակում  «նոր» ընկերություն է հայտնվել՝ «Ալեքս հոլդինգը»։ Դե իսկ մեր քաղաքացիներին քաջ հայտնի «Ալեքս Գրիգ» ֆիրման անցած տարվա 6-րդ տեղից իջել է 82-րդ տեղ։ Նման մետամարֆոզներ առաջին անգամ չեն հանդիպում։ Այնպես որ վստահ լինենք, որ «Ալեքս Գրիգը» չի սնանկացել։

Որպես ամփոփում նկատենք, որ ընկերությունների առաջին հարյուրյակը ապահովել է խոշորագույնների կողմից պետբյուջեին փոխանցված հարկերի գրեթե 65 տոկոսը՝ ավելի ճիշտ 64․4 տոկոստ։ Երկրորդ հարյուրյակին արդեն բաժին է հասել զգալիորեն ավելի քիչ ներդրում՝ 12․2 տոկոս։ Իսկ մնացած հարյուրյակների ավանդը հաշվված տոկոսներ են կազմել

Սմբատ Գրիգորյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ