News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Տաո Ժանը խոսեց հունիսին Հայաստան կատարելիք այցի մասին՝ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի անդամ երկրների հանդիպման շրջանակում, ներկայացրեց Հայաստանի տնտեսական բարեփոխումների իր գնահատականը, խոսեց նաեւ համաշխարհային միտումների մասին, որոնց թվում՝ ցածր տոկոսադրույքների հնարավոր կոնյունկտուրայի եւ նավթի գների, Չինաստանի տնտեսության ներքին սպառման ուղղությամբ վերակողմնորոշման, նաեւ ԱՄՆ-ում հարկային բարեփոխումների մասին (զրույցի պահին դրանք դեռեւս նախատեսվում են):

Հունիսին Դուք Հայաստան կժամանեք: Ո՞րն է Ձեր այցի նպատակը, եւ համաշխարհային համատեքստում ի՞նչ հնարավորություններ ու խնդիրներ եք տեսնում Հայաստանի տնտեսության համար:

Ես Հայաստան կգամ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի անդամ երկրների հանդիպմանը մասնակցելու համար: Սա ներկայիս պաշտոնում իմ առաջին տարածաշրջանային այցն է, եւ ես այդ այցին անհամբերությամբ եմ սպասում: Ինձ հետ կլինի ԱՄՀ-ում 15 երկրների, այդ թվում Հայաստանին ներկայացնող գործադիր տնօրենը: Մենք քննարկումներ կանցկացնենք տարածաշրջանային մեր գործընկերների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների, առաջատար փորձագետների, հասարակության այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կանցկացնեն Բելգիան եւ Նիդեռլանդները: Հանդիպմանը նաեւ կնշվի ԱՄՀ-ի անդամ 7 երկրների, նաեւ Հայաստանի անդամակցության 25-ամյակը:

Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանում առաքելությունն աշխատանքը հաջողությամբ ավարտել է: ԱՄՀ-ի ծրագիրը շարունակվում է, EFF-ի ծրագրով եզրափակիչ հաշվետվությունը հավանաբար շուտով կներկայացվի ԱՄՀ-ի Գործադիր խորհրդին: Հարկ է ընդունել, որ Հայաստանը մեր ծրագրերի մասնակցությամբ շատ բանի է հասել: Մասնավորապես ցանկանում եմ նշել 2016 թվականին Հարկային օրենսգրքի ընդունումը: Եթե օրենսգիրքն ամբողջությամբ գործողության մեջ դրվի, ապա կօգնի Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը, հարկահավաքության կայունությանը: Դրանից բացի, դրանք ավելի արդարացի կլինեն եւ աճին կուղեկցեն:

2014 թվականի վերջից Հայաստանը արտաքին բարդ պայմանների հետ է բախվել՝ տրանսֆերտների եւ պղնձի գների կտրուկ անկումը: Արտաքին ցնցումների հանդեպ խոցելիությամբ եւ տնտեսական ակտիվության նվազմամբ է՛լ ավելի անհրաժեշտ է, որ բարեփոխումները կայանան կայուն եւ համընդհանուր աճի համար՝ մրցակցության մեծացման, արտասահմանյան ուղղակի ներդրումների ներգրավման, արտահանման աշխարհագրության եւ անվանացուցակների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման ճանապարհով: Մենք ողջունում ենք այս ուղղություններով կառավարության աշխատանքը: Դա Հայաստանին կօգնի դառնալ շուկայական դինամիկ տնտեսություն, առաջիկա տասնամյակների դժվարությունների հանդեպ ավելի կայուն:

Արդյոք ցածր տոկոսադրույքների մթնոլորտը, եթե պահպանվի, կկարողանա՞ ազդել ԱՄՀ-ի վարկային քաղաքականության եւ խորհրդատվությունների վրա:

Եթե տոկոսադրույքները նվազում են, սա կնշանակի տնտեսական աճի հեռանկարների նեղացում: Այս դեպքում մենք երկրներին, ավելի շուտ, խորհուրդ կտանք ֆիսկալ կոնսոլիդացիայի կրճատման համար այլ գործիքներ օգտագործել: Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք սրա համար ֆիսկալ պահուստներ ունեն, ինչպես նաեւ տնտեսական աճի համար կառուցվածքային բարեփոխումների ներդրման համար:

Ինչ վերաբերում է ԱՄՀ-ի վարկային քաղաքականությանը, ապա այն չի փոխվի: Սակայն եթե համաշխարհային տոկոսադրույքները նվազեն, ապա կնվազեն նաեւ ԱՄՀ-ի վարկային տոկոսադրույքները:

Ձեր կարծիքով՝ բանկերը, ինչպես նաեւ իրական հատվածը կարո՞ղ են զարգացող շուկաներում իրենց մասնակցությունը նորից ընդլայնել՝ ավելի բարձր շահույթ որոնելով:

Դժվար է ընդհանրացնել ըստ ամբողջ աշխարհի, սակայն հնարավոր է, որ մի շարք զարգացած երկրների բանկերը հանուն շահույթի ավելի մեծ ռիսկերի դիմեն, այդ թվում՝ աշխատանքն ընդլայնեն զարգացող երկրներում: Օրինակ՝ վերջին մի քանի տարիներին ճապոնական բանկերը շարունակել են զարգանալ Ասիայում: Սակայն այս միտումը Եվրոպայում դեռեւս քիչ է դրսեւորվում, որտեղ բանկերն ավելի շատ են ուղղված գործարքների կրճատմանը եւ դրանք իրենց հիմնական բիզնեսի շուրջը կոնսոլիդացնելուն:

Եթե տեսանելի ապագայում ցածր աճի եւ ցածր տոկոսադրույքների հիպոթետիկ սցենար պատկերացնենք, խոշոր բանկերի մոտ կարող են նոր խթաններ հայտնվել աշխատանքն ընդլայնելու այն երկրներում, որտեղ տոկոսադրույքները նախկինի նման բարձր են, այդ թվում՝ հնարավոր է նաեւ զարգացող երկրներում: Այսպիսի զարգացումը ֆինանսավորելու համար բանկերը կարող են (նորմատիվների սահմաններում) ընդլայնել պարտքի ամբողջական կոնսոլիդացման բաժինը: Այսպիսի սցենարը կարող է ազդել նաեւ այն երկրների ֆինանսական կայունության վրա, որտեղ նրանք գործում են: Այդ պատճառով մենք ընդգծում ենք՝ անհրաժեշտ է, որ կարգավորող մարմինները շարունակեն ուշադիր հետեւել նման գործընթացներին, որպեսզի զսպեն հնարավոր համակարգային ռիսկերը:

Եթե Չինաստանը տնտեսական աճի նոր մոդելի դեպքում սկսի ավելի քիչ հումք գնել, արդյոք սա չի՞ նշանակում ամբողջ աշխարհում նրա արտահանողների համար ավելի քիչ եկամուտներ:

Չինաստանում տնտեսության վերակողմնորոշումը աճի ավելի կայուն մոդելներին անցնելու բանալին է: Այս անցումն օգտակար է ե՛ւ Չինաստանի, ե՛ւ ամբողջ աշխարհի համար:

Ընդհանուր առմամբ այն կօգնի համաշխարհային տնտեսությանը, սակայն դրա ազդեցությունը կարող է տարաբնույթ լինել: Չինաստանի հումքի պահանջարկի տեմպերը կարող են դանդաղել եւ ազդել գների վրա, հատկապես մետաղների: Կարող է նվազել նաեւ միջակա ապրանքների եւ արտադրական սարքավորումների պահանջարկը, իսկ սպառողական ապրանքներինը՝ աճել: Նման ապրանքներ արտահանողներին սա կօգնի:

Կախված այն հանգամանքից, թե Չինաստանում աշխատուժի վրա կատարվող ծախսերն ինչպես են աճում, եւ Չինաստանն առաջ է ընթանում արտադրական ցիկլի շղթայով, աշխատանքի ավելի ցածր արժեքով երկրները կարող են շահել, եթե Չինաստանը սկսի դուրս գալ աշխատանքի ծախսատար արտադրություններից: 

Ներկայումս որո՞նք են ինկլյուզիվ աճի եւ ֆինանսներին ավելի լայն հասանելիության ամենամեծ խնդիրները:

Ինչպես գիտեք, ԱՄՀ-ն մշտապես ընդգծում է ինկլյուզիվ աճի անհրաժեշտությունը: ԱՄՀ-ի գլխավոր տնօրեն Քրիսթին Լագարդը անցյալ տարի մի քանի անգամ հիշեցրել է, որ աճի տեմպերը չափազանց ցածր են եղել, չափազանց երկարատեւ, չափազանց քչերին են օգնել: Կախված, թե տնտեսության վերականգնումը ինչպես է արագանում, տնտեսական քաղաքականության ճիշտ համատեղումը շատ կարեւոր կլինի կայուն եւ ինկլյուզիվ աճի համար:

Սա երկրներից կպահանջի աճի օգտին վարվող քաղաքականություն կամ այն բանի օգտին, որը մենք եռակի մոտեցում ենք անվանում: Դա հարկաբյուջետային, դրամավարկային եւ կառուցվածքային քաղաքականության տարրերի հավաքածուն է: Յուրաքանչյուր երկրի համար այն անհատական է: Ընդհանրապես երկրները պետք է աջակցեն արտադրողականությանը եւ ինովացիաներին: Ոմանք դրան կարող են հասնել հարկային համակարգի բարեփոխմամբ՝ խեղաթյուրումները կրճատելու եւ կորպորատիվ կապիտալ ծախսերի համար խթանումը մեծացնելու, նաեւ առեւտրի աջակցության համար: Ինկլյուզիվ աճը կարելի է պահպանել նաեւ ոչ այնքան բարձր որակավորմամբ աշխատակիցների, երիտասարդների եւ կանանց համար նախատեսված քաղաքականությամբ, ինչպես նաեւ կրթության եւ առողջապահության ծախսերի մեծացմամբ:

Արդյոք Դուք սպասո՞ւմ եք, որ եթե նավթի գները համեմատաբար կայունանան, Ռուսաստանը եւ մյուս նավթ արտահանողները նավթի արժեքի հետ կապված ֆիսկալ եւ դրամական քաղաքականությունը կպահպանեն:

Դուք ճիշտ եք: Ինչ-որ ժամանակ հումքային ապրանքների գներն աճեցին: Նավթի գներն աճեցին ՕՊԵԿ-ի երկրների համաձայնագրի մասին հայտարարելուց հետո: Չնայած վերջին օրերի մի փոքր նվազմանը, գները մնում են բարելի դիմաց մոտ 52 դոլարի մակարդակում, իսկ սա 18 տոկոսով ավելի բարձր է, քան անցյալ տարի: Չինաստանում շինարարական հատվածի պահպանվող խոշոր շրջանառությունը եւ ԱՄՆ-ում հնարավոր հարկային խթանները բարձրացրել են մետաղի գների հեռանկարները: Ավելցուկային առաջարկի կրճատումը օգնել է պարենային գների վերականգնմանը:

Նավթ եւ այլ հումքեր արտահանողներին մենք, ինչպես նախկինում, խորհուրդ ենք տալիս՝ կարեւոր է սեփական քաղաքականությունը «ցածր եւ երկարատեւ» գներին հարմարեցնելը: Զարգացող երկրներում հումքային գներից ստացվող եկամուտները բյուջեի եկամուտներում մեծ տեղ են զբաղեցնում: Սակայն չնայած հումքային գների կտրուկ աճին, հիմա դրանք գրեթե 2 անգամ ցածր են 2011 թվականի բարձրակետից: Ուստի այս երկրների գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ցածր գներին հարմարվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ