News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Արկանզաս նահանգում մեկ շաբաթում մահապատժի են ենթարկել չորրորդ դատապարտյալին: Մինչեւ այս նահանգի իշխանությունները ավելի քան 10 տարի մահապատիժներ չէին իրականացնում, փոխանցում է BBC-ն:

Դատապարտյալը՝ 38-ամյա Քենեթ Ուիլյամսը, երկու մարդու էր սպանել հատուկ խիստ ռեժիմի բանտից փախուստ կատարելուց հետո, որտեղ պատիժ էր կրում 19 տարեկան աղջկա սպանության համար: Փաստաբանները պնդում էին, որ իրենց պաշտպանյալը մտավոր հետամնաց է, սակայն ԱՄՆ գերագույն դատարանը վճռաբեկ բողոքը մերժել էր:

Ականատեսների խոսքով՝ դեղամիջոցի ներարկումից հետո, որի միջոցով մահապատիժն իրականացվում է, Ուիլյամսը հազացել է եւ որոշ ժամանակ ջղաձգումներ ունեցել: Փորձագետները մինչ օրս վիճում են այն հարցի շուրջ, թե իրոք մահացու ներարկումը դատապարտյալներին ֆիզիկական տառապանք չի պատճառում: Հաճախ այս փաստարկին են դիմում դատավճիռները բողոքարկող փաստաբանները:

Արկանզասում կարճ ժամանակահատվածում այսպիսի մեծ թվով մահապատիժները կապված են այն հանգամանքի հետ, որ ապրիկի 30-ին լրանում է մահացու ներարկման համար օգտագործվող միդազոլամ դեղի պիտանիության ժամկետը:

Մահվան դատապարտված եւս 4 դատապարտյալ հասել են դատավճռի կատարման հետաձգման, սակայն տեղի դատախազությունը փորձում է այս որոշումները բողոքարկել: Վերջին տարիներին որոշ նահանգների իշխանությունները բախվել են մահացու ներակումների համար օգտագործվող թույների պակասին, քանի որ եվրոպացի արտադրողները ԱՄՆ մատակարարումները դադարեցրել են՝ հանդես գալով մահապատժի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ