News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արծվիկը «Եվրատեսիլում» ներկայացնելու է Հայաստանը, ինչը խոսում է նրա հայրենասիրության մասին; Այս  մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացնող  Արծվիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտեց, որ այս անգամ էլ «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը Սփյուռքի մեր հայրենակիցն է: Նա մասնավորապես նշեց. «Որախ եմ, որ այս անգամ նորից սփյուռքահայ է ներկայացնելու Հայաստանը: Թեեւ Արծվիկը ծնվել է Հայաստանում, բայց Ռուսաստանում է անցկացրել գիտակացական կյանքը եւ այնտեղ է կայացել որպես երգչուհի, կարողացել է իր անունը թողնել Ռուսաստանի մշակութային կյանքում:

Հատկանշական է նաեւ, որ Արծվիկը ներկայացնելու է Հայաստանը, ինչը խոսում է նրա հայրենասիրության, հայ մշակույթի հանդեպ նրա սիրո մասին: Ուզում եմ, որ նա իր ելույթով փայլի Եվրատեսիլի բեմում, որ հայությունը հպարտանա նրա հաղթանակով: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի»:

 

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար ու հավելեց, որ կապը Սփյուռքի նախարարության հետ ավելի է սերտացել:

Արծվիկ Հարությունյանը հավելեց, որ իր երազանքն է լինել եվրոպական այս հեղինակավոր բեմում: Նա հավաստիացրեց, որ դա նաեւ մեծ պատասխանատվություն է, ու ամեն ինչ կանի Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը եւ Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաեւ այլ երկրներին՝ միավորվելու եւ տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաեւ` վայելելու հիանալի երաժշտություն:

Տպել
Ամենաշատ