News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը պարգեւատրեցին  «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում կայացած մրցույթի հաղթողներին եւ ամփոփեցին ծրագրի արդյունքները։

Մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Մանկական զարգացման հիմնադրամի գրասենյակում, որտեղ տեղադրված էին հաղթող երեխաների նկարները՝ իրենց ուղերձներով: Բոլոր հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր եւ նվերներ: Ամփոփմանը ներկա էին Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի վեց համայնքների հաղթողները:

«Երեխաների խոսքի ուժը»  ծրագիրն իրականացվել է Արարատի,  Վայոց  Ձորի եւ Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ,  Եղեգնաձոր, Վայք, Իջեւան եւ Դիլիջան համայնքներում: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները ծրագրի շրջանակում զարգացել է երեխաների եւ պատանիների ստեղծագործ, քննադատական եւ այլընտանքային մտածողությունը, բարձրացել է ծնողների եւ համայնքի բնակիչների իրազեկվածությունն երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագրին մասնակցել են ավելի քան 220 երեխաներ եւ 1500 ծնողներ եւ համայնքի բնակիչներ:

«Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են կրթության զարգացմանը եւ երեխաների աջակցմանը։ Beeline-ի համար, հատկապես կարեւոր է  այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներին եւ իրենց ծնողներին օգնել փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը» - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Կարեւոր է, երբ հեռավոր համայնքներում ապրող դեռահասներն ու երիտասարդները մասնակից են դառնում համայնքի զարգացմանը: Հաղթողների  մտքերը, կարծիքները իրենց համայնքի վաղվա օրվա վերաբերյալ եւս մեկ անգամ հրավիրում է տեղական իշխանությունների ուշադրությունը համայնքնի խնդիրների վրա եւ ավելի պարտավորեցնող է դարձնում դրանց լուծումները: Beeline-ի հետ համատեղ մեր հիմնադրամը շարունակում է զարգացնել երեխաների մտածողությունը եւ կարողությունները, ու կրթելով նրանց՝ ավելի բարեկեցիկ դարձնել նրանց կյանքը»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ  «Երեխաների խոսքի ուժը»  ծրագրի շրջանակում համայքների հետ ստորագրվել է նաեւ եռակողմ փոխըմբռնման հուշագրեր՝ ուղղված երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացի խթանմանը Հայաստանում:

Հիշեցնենք, որ  Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաեւ անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։

Տպել
Ամենաշատ