News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում: Հայաստանի ու Լիբանանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշանակալի իրադարձությունը Նախագահ Սարգսյանը եւս մեկ լավ առիթ է համարել արժեւորելու եւ բարձր գնահատելու երկու երկրների ժողովուրդների ավանդական ջերմ կապերն ու պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունները: Հանդիպմանը Նախագահը ջերմությամբ է հիշել 2012թ. նոյեմբերին իր պետական այցը բարեկամ Լիբանան եւ պետնախարարին խնդրել է Լիբանանի նախագահ Միշել Աունին փոխանցել իր ջերմ ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնի այցը եւ դրա շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումներն իրենց հերթին աշխուժություն կհաղորդեն հայ-լիբանանյան հարաբերություններին, որոնց շարունակական ամրապնդումը բխում է երկու ժողովուրդների շահերից:

Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերի պետական նախարար Միշել Պիեռ Ֆարաոնին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով՝ հայ-լիբանանյան տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Լիբանանի պետնախարարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իրեն պետական բարձր պարգեւի արժանացնելու համար եւ գոհունակությամբ խոսել Հայաստանում ունեցած հանդիպումների ու քննարկումների մասին: Նա նշել է, որ այցի օրերին հնարավորություն է ունեցել ծանոթանալու Հայաստանի տնտեսական հնարավորություններին, ուսումնասիրելու ներդրումային միջավայրը, որից տպավորված է եւ կարծում է, որ բավականին լավ պայմաններ են ստեղծված ներդրումների ներգրավման համար:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են Լիբանանի հայ համայնքի դերը միջպետական կապերի եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպմանը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, անդրադարձ է եղել նաեւ բազմակողմ ձեւաչափով հայ-լիբանանյան համագործակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ