News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել: Հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել 19-ամյա Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Արզումանյանը մահացու վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում:

Մհեր Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղից էր, ծառայության էր մեկնել մեկ տարի առաջ: Նա 3 ավագ եղբայր եւ մեկ կրտսեր քույր ունի: Ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում: Արցախի նախագահի հրամանագրով՝ Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակած որոշմամբ մերժեց «Կոնգրես-ՀԺԿ»-ի հայցը, որով դաշինքը պահանջում էր անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները: Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սա նշանակում է, որ նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստը նշանակվելու է մայիսի 18-ին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ մանդատներն արդեն բաշխվել են. հայտնի է, թե յուրաքանչյուր կուսակցությունը քանի մանդատ է ստանալու: Մուկուչյանը նշել է, որ Հանձնաժողովը դեռեւս մանդատից հրաժարվելու դիմումներ չի ստացել եւ ենթադրություն հայտնել, որ դա պայմանավորված էր Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺՇ» դաշինքի հայցի քննությամբ:

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների աշխատանքային հանդիպումը: Նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու հնարավորությունը: Կողմերն ընդգծել են Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Եռակողմ հանդիպումից հետո նախարարներին են միացել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն անվստահություն է հայտնել գործող նախագահ Պեդրո Ագրամունտին: Բյուրոն նաեւ որոշել է, որ Ագրամունտը լիազորված չէ որեւէ պաշտոնական այց կատարել, ներկա լինել որեւէ խորհրդակցության կամ հրապարակային հայտարարություններ անել ԵԽԽՎ-ի անունից՝ որպես կառույցի ղեկավար: Ի դեպ՝ Ագրամունտը որոշել է չմասնակցել Բյուրոյի այսօրվա նիստին եւ հրաժարականի դիմում չի ներկայացրել: Նշենք, որ Պեդրո Ագրամունտի իմփիչմենթի հարցը բարձրացրել էր ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակությունը՝ ռուսական պատվիրակության կազմում Սիրիա մեկնելու պատճառով: Չնայած Պեդրո Ագրամունտը ներողություն խնդրեց՝ Սիրիա այցը սխալ որակելով, բայց դա նրան, փաստորեն, չփրկեց այսօրվա որոշումից:

Հայաստանը «ոչ ազատ» լրատվամիջոցներ ունեցող երկիր է: Նման գնահատական կա Freedom House-ի «Մամուլի ազատություն 2017» զեկույցում: Դրանում նշվել է հատկապես 2016 թվականի ամռան դեպքերի մասին: «Հայաստանում անվտանգության ուժերը 2016 թվականի ամռանը տեղի ունեցած բողոքների ընթացքում մամուլի հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել՝ կոպտորեն հարձակվելով ակցիաները լուսաբանող մի քանի լրագրողների վրա»,- նշված է զեկույցում: Տարածաշրջանի երկրներից Վրաստանի լրատվամիջոցները շարունակում են առաջատարի դիրքում մնալ՝ «մասնակի ազատ» գնահատմամբ: Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ ազատ մամուլ ունեցող երկրներ են: Ավելին, Ադրբեջանն առավել վատ ցուցանիշներով երկրների տասնյակում է՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ:

Բաքվում կալանավորված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Ուելդանով- Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության աշխատակից է: Ընկերությունն անցյալ տարվա հունիսի 6-ին նրան Բաքու էր գործուղել, ուր ժամանելուց հետո նա կապ չի հաստատել ոչ ոքի հետ: Նրան մեղադրում են թմրանյութերի, հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստման, ձեռքբերման կամ իրացման մեջ: Լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը Ուելդանով-Գալուստյանի հարազատներին հորդորել է ըմբռնումով մոտենալ Ադրբեջանի առանձնահատկությանը, որտեղ «հայկական ծագումը չափազանց բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Երեւանի Երվանդ Քոչար փողոցում այսօր BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 4 երիտասարդի: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Երիտասարդներից մեկը Վերակենդանացման բաժանմունքում է, բազմաթիվ վնասվածքներ ունի, այդ թվում՝ գանգուղեղային:

Ապրիլի 22-ին ոստիկանությունը հաղորդում էր ստացել, որ Մասիսի 69-ամյա բնակիչ Հարություն Ազատյանն «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Նույն օրը երեկոյան իրավապահները մեքենան գտել են Նորամարգ գյուղում: Իրավապահները բերման են ենթարկել Նորամարգ գյուղի 36-ամյա բնակիչ Վադիմ Օ.-ին: Նրան կասկածում են Ազատյանին դաժանաբար սպանելու եւ դին Զանգու գետը նետելու մեջ: Սպանության վայրում կասկածյալը պատմել է, որ երկաթով սպանել է իր զոհին, իսկ դին զոհի մեքենայով տեղափոխել սպանության վայրից եւ նետել Զանգու գետը: Բացի այդ, համոզվելու համար, որ Ազատյանը մահացել է, մեկ անգամ էլ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել: Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը պայմանագրային զինծառայող է: Նախկինում մեկ այլ տաքսիստի մարմնական վնասվածք պատճառելու համար դատապարտված է եղել:

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 530, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 627 դրամ:

Ապրիլի 29-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ