Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով կալանավորվածներից Սանասար Գաբրիելյանը կմնա անազատության մեջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանը: Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու մասին իր միջնորդությունը: Պաշտպանը նշեց, որ Սանասար Գաբրիելյանը բողոքի քննությանը ներկա չի եղել, նա հրաժարվել է դատարան գալուց:
Սանասար Գաբրիելյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը ըստ փաստաբանի՝ բացարձակ անհիմն է եւ չպատճառաբանված:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
235.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: