Լեռնագնաց Ուելի Սթեքը, ով մագլցելու իր անհավանական արագության համար ստացել է «շվեյցարական մեքենա» մականունը, զոհվել է Էվրեստի վրա կլիմայավարժանքի ժամանակ:
Նա պատրաստվում էր լեռան գագաթ բարձրանալ մեկ այլ երթուղով եւ առանց թթվածնային բալոնի: Նեպալի Լեռնագնացության ֆեդերացիայում հայտնել են, որ Սթեքը, հավանաբար, սայթաքել է:
Նրա մարմինը գտել են Էվերեստի վրա, որից հետո ուղղաթիռով տեղափոխել Նեպալի մայրաքաղաք Կատմանդու:
Չորեքշաբթի օրը լեռնագնացը Facebook-ի իր էջում գրառել էր, որ մեկ օրում ինքը բազային ճամբարից բարձրացել է 7 հազար մետր, քանի որ համարում է, որ «ակտիվ կլիմայավարժումը» մեծ բարձրությանը հարմարվելու լավագույն միջոցն է:
Ուելի Սթեքը գերարարգ միայնակ վերելքի դասական երթուղիների մի քանի ռեկորդ է սահմանել: Նա նաեւ նպաստել է լեռնագնացության հանրաճանաչ դառնալուն`նրա վերելքի մոտիվներով նկարահանված արկածային ֆիլմերի շնորհիվ: