News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ ապրիլի 30-ին, բացվել է Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ասում են՝ այդքան կարեւոր չէ, թե քանի օր կա մարդու կյանքում, որքան կարեւոր է, թե ինչքան կյանք կա մարդու ապրած յուրաքանչյուր օրվա մեջ: Յուրքանչյուր ժողովրդի պատմության մեջ լինում եմ պահեր, երբ կենաց-մահու կռիվը միակ այլընտրանքն է անպատիվ կործանման։ Եթե շատերի համար դա ինքնաբուխ, պահի թելադրանքով ընդունված որոշումներ էին, ապա ԽՍՀՄ բանակում ծառայելուց հետո պատմաբանի մասնագիտություն ընտրած եւ հայրենի գյուղում պատմության ուսուցիչ աշխատող Թաթուլ Կրպեյանի համար խորը գիտակցված իմաստնություն էր։ Որ հայերնի հողի ամեն թիզի համար պետք է կռվել եւ անգամ սեփական կյանքի գնով պատրաստ լինել հատուցելու։ Դրանում հսկայական տարբերությունն է սխրանքի, խիզախության եւ հերոսության։ Հերոսության իրական բնորոշումը իմացյալ մահից անվախություն է, իմացյալ մահին պատրաստ լինելը՝ հասկանալով, որ դա միակ ուղին է։ Պարտադիր չէ զոհվել, այլ պատրաստ լինելն է կարեւոր։

Մենք չենք, որ հարգանքի տուրք ենք մատուցում հերոսներին։ Այդ նրանք են, որ թույլ են տալիս, որ նույնիսկ մահվանից հետո իրենց ապրած կյանքով իամաստավորել մեր ինքնությունը։

Մենք չենք, որ արդարություն ենք մատուցում Թաթուլ Կրպեյանին, այլ ինքն է, որ հերթական անգամ իր օրինակով մեր սերունդներին ասում է, որ Հայաստանի հողն անառիկ է, պետությունն ամուր, իսկ մեր ապագան միշտ պայծառ։ Շնորհակալություն, Թաթուլ»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Իր հերթին Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին՝ նշելով. «Նա, ոգեշնչված Թաթուլ Կրպյան հերոսի կերպարովկերտեց նրան արժանի քանդակ։ Սիրելի վարպետ, ձեր բարձր արվեստի շնորհիվ այսօր հայրիկիս կիսանդրին վեր է խոյանում իրեն բնորոշ խրոխտությամբ եւ վեհությամբ։ Անշունչ քարը Ձեր ձեռքերով կարծես շունչ է ստացել եւ հայրիկը խորհրդավոր ժպիտով ժպտում ու զրուցում է մեզ հետ»։

Նշենք, որ Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Թաթուլ Կրպեյանը զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին։ Նրան ազգային հերոսի կոչում է տրվել 1996 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ