News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» դաշինքի  շուրջ սկանդալից մեկ օր անց դաշինքից վերջապես արձագանքել են կատարվածին։ ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը բացառել է, որ դաշինքի թեկնածուներն առանց իմանալու են ստորագրել մանդատից հրաժարվելու դիմումները: Ավելի ուշ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ասել է, որ ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած 12 թեկնածուները ստում են՝ պնդելով, թե իրենց կամքին հակառակ են ինքնաբացարկի դիմումները ԿԸՀ ներկայացվել, ավելին՝ այդ մարդիկ իրենք են խախտել քաղաքական պայմանավորվածությունները։ Տոնոյանի խոսքով՝ նրանց եւ Ծառուկյանի միջեւ եղել է պայմանավորվածություն՝ ընտրությունների կոնկրետ քանակությամբ ձայներ բերելու վերաբերյալ։ Նրանք չեն կատարել իրենց խոստումը, ինչի արդյունքում էլ Ծառուկյանը որոշել է նրանց մանդատից զրկել։ Մինչ այդ մամուլը միաբերան պնդում է, որ Ծառուկյանի դեմ դուրս եկած թեկնածուներին, կամ ինչպես մամուլն է նրանց կնքել, «ծառուկյանական ծռերին» ուղղորդում են իշխանությունները՝ դաշինքի խմբակցությունը պառակտելու նպատակով։ Կա նաեւ վարկած, որ հենց «Ծառուկյան» դաշինքի ներսում է դավադրություն տեղի ունեցել։ Դրա հետեւում կարող են կանգնած լինել Իշխան Զաքարյանը, կամ Հովիկ Աբրահամյանը, որն ասում են՝ ի սկզբանե դեմ է եղել այդ թեկնածուների մի մասին համապետական ցուցակում ընդգրկելուն։ Այնուամենայնիվ, «Ծառուկյան» դաշինքում հերքում են պառակտման առկայությունը։ Սակայն դեռ հայտնի չէ՝ ինչպես են Ազգային ժողովում համագործակցելու նրանց հետ։ Ի դեպ, մայիսի 18–ին կայանալիք Ազգային ժողովի առաջին նիստը վարելու է հենց «ծառուկյանական ապստամբներից» մեկը՝  Նապոլեոն Ազիզյանը։ Նա ամենատարիքով պատգամավորն է՝ 71 տարեկան։ Կանոնակարգի համաձայն, մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարում է տարիքով ավագ պատգամավորը: Նույն օրն էլ կընտրեն Ազգային ժողովի նախագահին եւ փոխնախագահներին։

ԿԸՀ-ն հաստատել է քվեաթերթիկի նմուշը Երեւանի ավագանու ընտրությունների համար։ Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ քվեաթերթիկը նախկինի նման մեկն է լինելու։ Քվեաթերթիկում նշված է լինելու յուրաքանչյուր ուժից առաջադրված թեկնածուների առաջին եռյակը։ Այս անգամ քվեաթերթիկը կլինի ծրարի չափով, այնպես որ այն ծալելու կարիք չի լինի։ Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցնեն մայիսի 14-ին։ Ընտրություններին մասնակցում են ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

Զարուհի Փոստանջյանն այսօր քարոզարշավ է իրականացրել Ավանում։ Քաղաքապետի թեկնածուն կանգ է առել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ, ու նկատել, որ նման շքեղ առանձնատունը չէր կարող կառուցվել անձնական միջոցներով։ Փոստանջյանի աչքից չի վրիպել նաեւ Տարոն Մարգարյանի տան «գոլդ» համարը՝ 77/7, մինչդեռ փողոցի այդ կողմում պետք է զույգ թվով տուն լիներ։

ԲՀԿ–ական արդեն նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսան ժամկետից շուտ ազատ է արձակվել Սերժ Սարգսյանի ներման շնորհիվ։ Այս մասին տեղեկացրել է Արդարադատության նախարարությունը։ Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը Վերնիսաժում կրակոցներ արձակելու եւ պատահական անցորդներին վնասվածքներ հասցնելու համար դատապարտվել էր 6.5 տարվա ազատազրկման, սակայն երեք տարի անց ազատ էր արձակվել։

Նախօրեին մահափորձ է կատարվել Արարատի մարզի Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի նկատմամբ։  Երեկոյան դեպի Արտաշատ քաղաք տանող ճանապարհին անհայտ անձիք մեքենայով հետապնդել են գյուղապետի ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան, ատրճանակից կրակել մեքենայի ուղղությամբ եւ դիմել փախուստի։ Գյուղապետը չի վնասվել, իսկ վարորդը՝  33-ամյա Կարեն Ղազարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կրակոցներն արձակել է երկու անձ, սպիտակ «Լադա Պրիորա» մակնիշի ռուսական համարանիշով մեքենայից։ Նրանց դեռ չեն հայտնաբերել։

Ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  Առավոտյան Գորիս-Կապան ճանապարհին Toyota Land Cruiserը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։ Վթարի հետևանքով տեղում մահացել է 2 մարդ՝ քույր եւ եղբայր։ 21-ամյա Դավիթ Մկրտչյանը և 19-ամյա Աստղիկ Մկրտչյանը Որոտան գյուղի բնակիչներ էին։

Ժիրայր Սեֆիլյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2014թ. ապրիլի 24–ին ընդառաջ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու եւ 2015–16թթ. զենքի գործադրմամբ ռազմավարական նշանակության շինություններ զավթելու փորձ նախապատրաստելու համար։ Երկու հոդվածներով էլ նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։ Սեֆիլյանից բացի նույն գործով մեղադրվում է եւս հինգ անձ, այդ թվում՝ ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը։ Հետաքրքիր է, որ շենքեր զավթելու գործով անցնող մյուս չորս անձանց մեղադրականում ասվում է, որ նրանք կամովին հրաժարվել են կատարել Սեֆիլյանի հրահանգները։ Հիշեցնենք, որ Սեֆիլյանը ձերբակալվել էր 2016 թվականի ամռանը։

Նախօերին Երեւանի հիվանդանոցներից մեկում լույս աշխարհ եկած հնգյակից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը`  ծայրահեղ ծանր։ Նշենք, որ երեխաները ծնվել են խոր անհասությամբ՝ առավելագույնը՝ 880 գրամ քաշով։ Նրանք այժմ տարբեր հիվանդանոցներում են, մասնագետները դեռ չեն շտապում կանխատեսումներ անել։

Գլենդեյլը նոր, ազգությամբ հայ քաղաքապետ ունի։  Նախօրեին Քաղաքային խորհրդում Վարդան Կարապետյանը միաձայն ընտրվել է քաղաքապետ։ Նա առաջին անգամ քաղաքային խորհրդում ընտրվել էր 2015-ին եւ զբաղեցրել տարբեր ղեկավար պաշտոններ։ Գլենդեյլի քաղաքապետն ընտրվում է մեկ տարի ժամկետով:

Դոլարն ու ռուբլին էժանացել են, եվրոն՝ թանկացել։ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 4-ին, կազմել է 484, եվրոյինը՝ 529, ֆունտինը՝ 625, իսկ ռուսական ռուբլունը՝ 8.41 դրամ։

Հանրապետության տարածքում մայիսի 5-ին հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Երեւանում մայիսի 5-ին հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ