News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կառավարության ընդունելությունների տանն այսօր իրենց մանդատներն են ստացել Ազգային ժողովի նորընտիր 105 պատգամավորները։ Ի դեպ, մանդատ ստանալու արարողությանը ներկա չէր Գագիկ Ծառուկյանը, նաեւ «Ծառուկյան» դաշինքի 8 «ըմբոստները»: «Ելք» դաշինքից ընտրված 9 պատգամավորները եւս չէին ներկայացել արարողությանը:

Մամուլը շարունակում է քննարկել «Ծառուկյան» դաշինքում կատարվածը եւ կուլիսային մանրամասներ բացահայտել։ Ասում են՝ թեկնածուներին մանդատից զրկելու՝ Գագիկ Ծառուկյանի ձգտումը բարկության արդյունք է։ Տեղեկություններ կան, որ այդ թեկնածուները պարտավորություն էին ստանձնել 10-հազարական ձայներ բերել «Ծառուկյան» դաշինքին, բայց նրանցից ոչ մեկը դա չի ապահովել, մինչդեռ այդ ձայների ձեռքբերման համար Ծառուկյանը յուրաքանչյուրին 100-150 մլն դրամ էր տվել: Ծառուկյանն էլ հարց է դրել՝ կամ հրաժարական տալ, կամ վերադարձնել գումարները:

Ծառուկյանն այժմ պետք է որոշի՝ աշխատել ութ ապստամբների հետ խորհրդարանում, թե հեռացնել նրանց խմբակցությունից՝ հաշվի առնելով, որ այդ դեպքում  նրա խմբակցության դիրքերը թուլանալու են։ Ի դեպ, նույնիսկ խմբակցությունից հեռացվելու դեպքում այս պատգամավորները, ԱԺ նոր կանոնակարգի համաձայն, չեն զրկվի իրենց մանդատներից։ Ինքնաբացարկի դիմումը հետ վերցրած պատգամավորներից առայժմ միայն Նապոլեոն Ազիզյանն է խոսել այն մասին, որ առանց խնդիրների պատրաստ է աշխատել Գագիկ Ծառուկյանի հետ։ Ավելին՝ նա երեկ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ եւ հիմա սպասում է նրա խոսքին, եթե Ծառուկյանը պահանջի, պատրաստ է վայր դնել մանդատը, կամ իր ձեւակերպմամբ «մանդատը դնել Ծառուկյանի ոտքերի առաջ»։

Միեւնույն ժամանակ, մամուլը շարունակում է պնդել, որ Ծառուկյանի դեմ ապստամբության հետեւում կանգնած է «Հանրապետական» կուսակցությունը։ Ազգային ժողովի վերջին ճեպազրույցում այսօր «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ մենք այլ կուսակցությունների գործերին չենք խառնվում։  Նաեւ մի ուշագրավ հայտարարություն է արել՝ ակնարկելով, որ «Ծառուկյան» դաշինքի շուրջ սկանդալը կարող է հանցակազմ պարունակել։

Վերջին ճեպազրույցում այս հարցին անդրադարձել է նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նրա խոսքով՝  Սերժ Սարգսյանին էր ձեռնտու այս վիճակը, քանի որ համոզված է, որ հաջորդ տարվա ապրիլին, երբ լրանան նախագահի լիազորությունները, Սերժ Սարգսյանը ցանկանալու է դառնալ վարչապետ եւ նրան անհրաժեշտ են լինելու այդ պատգամավորների ձայները։

 Զուրաբյանն անդրադարձել է նաեւ քաղաքապետի ընտրություններին, որոնց, ի դեպ, իրենք չեն մասնակցում, ակնարկել, որ դա նույնպես իշխանության կազմակերպած շոուն է։

 «Հայ հեղափոխական դաշնակցության» եւ «Հանրապետական» կուսակցության միջեւ կոալիցիոն բանակցությունները ավարտված են, փաստաթուղթը առաջիկա օրերին կհրապարակվի, նախօրեին հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։ Նա հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը նա մերժել է։

 Տավուշի մարզում երեկ ականի պայթյունից կապիտան է վիրավորվել: Չորաթանի բնակիչ, 47-ամյա Շիրազ Սահակյանը ստացել է ձախ ոտնաթաթի և ձեռքերի ականապայթյունային վիրավորում եւ տեղափոխվել Բերդի հոսպիտալ: Զինծառայողի ոտքը կտրել են: Նա այսօր տեղափոխվել է Երեւան, որտեղ էլ կշարունակի հետագա բուժումն ու կպրոթեզավորվի: Ականի պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

   Հայկական եւ ռուսական մամուլում կրկին ակտիվացել են լուրերն այն մասին, թե Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը որտեղ է կրելու պատիժը: Չնայած հայկական կողմը դեռ հապաղում է դիրքորոշում հայտնել եւ նշում է միայն, որ քննարկումներ են ընթանում, ռուսական լրատվամիջոցներն արդեն հստակ հայտարարել են, որ Պերմյակովը պատժի մնացած մասը կրելու է Ռուսաստանի Դաշնությունում: Մամուլում տեղեկություններ կան նույնիսկ, որ Հայաստանի ու Ռուսաստանի համապատասխան մարմինները համաձայնություն են ձեռք բերել. Պերմյակովին փոխանակում են Ռուսաստանում պատիժը կրող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ: Նշենք, որ Հրաչյա Հարությունյանն առաջիկայում վերջապես Հայաստան կտեղափոխվի:

Հայաստանի իրավապահները վերջապես բացահայտել են՝ ինչպես է ադրբեջանական խնձորը հայտնվել հայկական շուկայում: Ըստ Գլխավոր դատախազության՝ ադրբեջանական խնձորը Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվել է առանց մաքսային հսկողության՝ կաշառքի դիմաց մաքսային ծառայողների թողտվությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Թե ովքեր են ներկրել այդ խնձորը, իրավապահները դեռ լռում են:

Կիեւում ընթանում են «Եվրատեսիլ 2017»-ի փորձերը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկն այսօր երկրորդ փորձնական ելույթն է ունեցել եվրատեսիլյան բեմում։ Մայիսի 9-ին Կիեւում կկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը: Հայ երգչուհին իր եվրատեսիլյան Fly With Me երգը կներկայացնի 16-րդ համարի ներքո: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։

Մանչեսթեր Յունայթեդը» ապրիլի լավագույն գոլ է ճանաչել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դարպասին Անգլիայի առաջնության 32-րդ տուրում: Հայ ֆուտբոլիստի այդ գոլն ամենաարագն է Անգլիայի ընթացիկ առաջնության երկրորդ խաղակեսերի համար:

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 5-ին, կազմել է 484, եվրոյինը՝ 531, ֆունտինը՝ 626, ռուբլունը՝ 8.31 դրամ։

Հանրապետության տարածքում մայիսի 6-ին շրջանների զգալի մասում, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Երեւանում մայիսի 6-ին հատկապես գիշերը եւ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ