News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գինեգործ, որը իր փորձն է փոխանցում Հայաստանին՝ հայերի համար թերեւս բավականին տարօրինակ տեսարան է։ Աշխարհի ամենահին գինու ճմլարանը, որը հայտնաբերվել է Արենի քարանձավում, ավելի է ամրապնդել այն համոզմունքը, որ «մեր գինին լավագույնն է»։

Իրականում, սակայն այն սակավաթիվ գինու գործարանները, որոնք հաջողության են հասել միջազգային շուկաներում, զարգացել են միջազգային ներդրումների ու փորձագետների օգնությամբ։ Փոլ Հոբբսը, ԱՄՆ լավագույն գինեգործներից մեկը, նրանցից մեկն էր, որը նոր մակարդակ է բարձրացրել Արգենտինայի գինեգործությունը։ Նա մի քանի տարի է՝ նաեւ օգնում է Yacoubian-Hobbs նախագծին Հայաստանում։ Հայաստանը ունի լավ ներուժ, նաեւ՝ ժառանգություն, բայց այն ամրապնդելու համար շատ աշխատանք է պետք, ասել է պարոն Հոբսը NEWS.am–ի թղթակցի հետ հարցազրույցում։

Հայաստանը միշտ հայտնի է եղել իր կոնյակով, իսկ ահա խաղողագործության նկատմամբ կարծես այդքան էլ պահանջկոտ չէ ․․․

Այդպես է ամբողջ աշխարհում։ Եթե մենք ուզում ենք, որ հայկական գինին ձեռք բերի նույն ճանաչումը, ինչ հայկական կոնյակը, պետք է նույնքան ուշադրություն դարձնենք խաղողագործությանը, որքան արտադրման գործընթացին։

Հայաստանում բիզնես նախագծեր զարգացնելը ավելի շատ ժամանակ է պահանջում քան որեւէ այլ երկրում, որտեղ ես աշխատել եմ։ Այստեղ կան լոգիստիկայի,սարքավորումների ու տեխնոլոգիաների մատչելիության խնդիրներ։ Բացի դրանից, աշխատողներից շատերը ծանոթ չեն խաղողագործության ու վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներին։  Լավ է, որ կան մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանին փոխանցել այդ գիտելիքները։ Այստեղ շատերն անգամ չգիտեն, թե ինչպես է ճիշտ, օրինակ կտրատել խաղողի որթերը։

Ես իմ սեփական գինու գործարանն եմ բացել Արգենտինայում 1990-ականներին։ Մենք գումար չունեինք մեծ ներդրումների համար։ Այնպես որ մենք հավաքեցինք ագարակատերերին ու միասին պայմանավորվեցինք, թե խաղողի ինչ տեսակներ ենք ուզում ստանալ։ Այն ժամանակ քչերն էին նման բան անում։ Հիմա, երկու տասնամյակ անց, այդ ագարակատերերը հոյակապ փոխգործակցում են իրար հետ։ Իսկ մենք ամեն շաբաթ կապ ենք հաստատում նրանց հետ։ Նրանց ծանոթացնում ենք նոր տեխնոլոգիաների հետ, բացատրում փխրեցնելու, խաղողի որթերը կտրատելու, ոռոգելու նոր ձեւերը։

Հայաստանում, ինչպես ասացի, մի քանի ժամանակակից նախագծեր կան։ Էդուարդո Էռնեկյանի նախագիծը հայկական չափանիշներով ծավալուն է ու ինքնաբավ։ Բայց մենք ուզում ենք կապ հաստատել փոքր խաղողի այգիներ ունեցողների հետ։ Դա հեշտ չէ։ Բայց հաջողության հասնել հնարավոր է, ինչպես մյուս երկրներում։

Անհատ գյուղացիները դժվար թե բավականաչափ գումար ունենան նման նախագծերի համար։

Մոզելի հովտում նույնպես փոքր ծավալների գինեգործներ են, մի քանիսը նույնիսկ անհատ գինեգործներ են։ Յուրաքանչյուրը իր սեփական գինին է արտադրում, իսկ հետո արտադրողը հավաքում է դրանք ու խառնում՝ վերջնական արտադրանք ստանալու համար։ Եվ նրանց գինին մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում։

Բայց նկատենք, որ դա այդպես է Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Լյուքսեմբուրգում։ Իսկ նվազ եկամուտներ ունեցող երկրներում այդպես դժվար թե ստացվի ․․․

Նայեք Ուրուգվային։ 20 տարի առաջ նրանք չունեին փող ու գինեգործությունը հազիվ էր գոյատեւում։ Բայց նրանք սկսեցին միասին աշխատել ու հիմա այնտեղ հրաշալի խաղողի այգիներ կան։ Հենց գիտակցեք, թե ինչ է պետք անել, պոտենցիալ ներդրողները կհայտնվեն։ Ինչպես օրինակ այդ նույն Արգենտինայում։

Հայաստանում շատերը կարծում են, թե հայկական գինին լավագույնն է։ Իսկ եթե արտասահմանում դրա մասին չգիտեն՝ ուրեմն գինեգործները կամ կառավարությունն է մեղավոր, որոնք թերանում են այն առաջ մղելու հարցում։ Կամ եթե նույնիսկ գինին բարելավման կարիք ունի, ապա խաղողը հաստատ աշխարհում լավագույնն է ․․․

Քանի դեռ  մոտեցումն այդպիսին է, ոչինչ չի փոխվի։ Ազգայնական մոտեցումով հնարավոր չէ շատ առաջ գնալ։  Ես այդ խնդրին բախվել եմ Հունգարիայում

Բայց Հունգարիայում գինու արտադրությունը շատ ավելի առաջադեմ է ․․․

Այո, համեմատական կարգով։ Ինչեւէ, նրանք շատ գինի չեն արտահանում։ Բայց եթե Հունգարիա գնաք, այնտեղ բոլորը ձեզ կասեն, որ իրենց խաղողի այգիները լավագույնն են։ Այդ ուղին առաջ չի տանի։ Հունգարիայի իմ ընկերների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ այդ մոտեցումով հնարավոր չէ առաջ գնալ։

Եթե դուք Հայաստանում ձեր տեսածը համեմատեք աշխարհի լավագույն խաղողի այգիների հետ, ապա հասկանալի է, որ մենք չենք դիմանա մրցակցությանը։ Ոչ ոք Հայաստանը գինու երկիր չի համարում ։Դա փոխելու միակ ճանապարհն այն է, որ փոխենք այն համոզմունքը, որ մերը լավագույնն է։ Եթե մեր խաղողի այգիները լավագույնը լինեին՝  ուրեմն հիմա մենք պետք է աշխարհի լավագույն գինին արտադրեինք։ Պետք չէ պատրանքներով սնվել։ Պետք է բաց լինել փոփոխությունների համար։ Մեր տրամադրության տակ կա լավ որակ, հիմա այն պետք է ամրապնդել գործնական աշխատանքով։  

Եվ շատ ուրախալի է, որ վարչապետն ու Գյուղատնտեսության նախարարը իսկապես ուզում են ինչ-որ բան անել դրա համար։ Այս առավոտյան մենք հանդիպել ենք վարչապետի ու գյուղատնտեսության նախարարի հետ ու քննարկել ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է երիտասարդ մասնագետներին սովորեցնել գինեգործության նոր տեխնոլոգիաներն ու մենեջմենթը։ Շատ բան է պետք փոխել նաեւ արտադրանքը շուկային ճիշտ տեսքով ներկայացնելու առումով։  Հիշենք Արենիի շուկան, որտեղ մարդիկ գինին վաճառում են պլաստիկ շշերի մեջ։

Հայերին նման ձեւով վաճառվող գինին ավելի տնական է թվում ․․․

Բայց օտարերկրացիները պլաստիկը քաղցկեղածին են համարում։ Եվ եթե նրանք տեսնեն, որ գինին այդպես է վաճառվում, նրանք կհամարեն, որ գինին ցածրորակ է։ Սա չի նպաստի միջազգային ճանաչում ստանալուն։

Միաժամանակ քիչ չեն նաեւ մեր առավելությունները։ Դրանցից մեկն է խաղողի տեղական տեսակների զանգվածային աճեցումը։ Դրանք կարող են նորություն դառնալ շուկայի համար։

Դա կարող է դառնալ մեր հաջողության անկյունաքարը։ Հին, բնիկ տեսակները ստեղծում են եզակիություն։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչպես ներկայացնենք դրանք ժամանակակից գինեգործության շուկայում։ Մենք չենք ուզում փոխել Հայաստանի գինեգործության մշակույթը, որի հնության մասին դուք ինձնից լավ գիտեք, մենք պարզապես ուզում ենք ավանդույթները միավորել նոր տեխնոլոգիաների հետ ու Հայաստանը համեմատելի դարձնել որակյալ գինեգործություն ունեցող երկրների հետ։

Դուք հենց դա եք անո՞ւմ Հայաստանում։

Մենք հենց դա ենք փորձում անել։ Գինեգործությունը դանդաղ բիզնես- շրջանառություն ունի։ Մենք ստիպված էինք մեր սեփական խաղողի այգին տնկել, գտնել հարմար վայր, տեխնոլոգիաներ բերել։ Մենք արդեն վերջացրել ենք տնկելը, հիմա մենք սպասում ենք 2020-ին, երբ կունենանք առաջին արդյունաբերական բերքահավաքը։ Մենք չունենք գինու գործարան ու դեռ գործարան բացելու ծրագրեր չունենք։ Մենք ունենք մեր ֆերմենտացիայի տարաները ու տակառները, իսկ  արտադրության համար մենք այլ արտադրամասեր ենք վարձակալում։

Ավելի լավ է օրինակով ցույց տալ, քան խոսքով բացատրել։ Ինձ իմ ընտանիքում էլ են այդպես դաստիարակել։ Հիմա , մենք ուզում ենք ընդամենը ցույց տալ, որ հարգում ու պահպանում ենք գինեգործության այս կարեւոր տարածաշրջանի ավանդույթները։

 Մենք ուզում ենք որ մարդիկ այստեղ գան՝ տեսնելու հարուստ մշակույթ, համեղ խոհանոց ու գինի։

Կոնյակին համազոր․․․

Այո, արտասահմանում Հայաստանը ճանաչում են որակյալ կոնյակով։ Այն իրոք լավն է, բայց մենք հիմա ուզում ենք , որ երկիրը ճանաչելի լինի նաեւ գինով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ