«Ելք» դաշինքից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Արարատյան զանգվածում, Կուրղինյան փողոցում գտնվող Տարոն Մարգարյանի շտաբում ընտրակաշառք են բաժանել։

«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անա Զախարյանը հայտնել է, թե աշխատանքից տուն գալիս նկատել է, որ շտաբից մարդիկ են դուրս գալիս՝ ձեռքներին արդեն քվեարկած քվեաթերթիկներով եւ գումար։ Լրագրողը տեսել է 20 հազարանոց թղթադրամ։ Ինչ-որ տղաներ են մոտեցել լրագրողին, խլել են հեռախոսը, որոշ ժամանակ անց վերադարձրել հեռախոսը՝ ամեն ինչ ջնջած։

«Դա ընտրողների ուղղորդված քվեարկություն է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա պատմել է, որ երբ մոտեցել է շտաբին, այնտեղից դուրս է եկել 2012թվականին Սամվել Ալեքսանյանի դրածո թեկնածու Վարդան Վարդանյանը, որը սադրիչ եւ անհեթեթ հայտարարություններ է արել։ Վարդանյանը ոտքով հարվածել է Փաշինյանի վստահված անձ Հայկ Սարգսյանի ձեռքին եւ ճողոպրել է դեպքի վայրից։ Փաշինյանը դեպքի կապակցությամբ դիմել է ոստիկանություն։

ՀՀԿ նախընտրական շտաբը Փաշինյանի հայտարարության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուկ» սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ եւ 20 հազարանոց դրամներ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է եւ չի՛ համապատասխանում իրականությանը:

Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»,- նշել են ՀՀԿ շտաբից: