ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել է հանուն լավ Երեւանի: Այս մասին նա նշել է թիվ 9/18 ընտրատարածքում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ նախագահի քվեարկության ընթացքում կրկին տեխնիկական խնդիրներ ծագեցին. Սարքը երրորդ անգամից նոր ճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ եւս նախագահի քվեարկության ժամանակ նմանատիպ խնդիր էր ծագել: Ընտրական հանձնաժողովի անդամը ստիպված էր եղել վերցնել Սերժ Սարգսյանի մի քանի տամների մատնահետքերը:
Ընտրական հանձնաժողովի նախագահ Սոֆյա Յորբեկյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ առավոտից որեւէ խնդիր չէր եղել սարքի հետ կապված:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 14-ին, ընթանում են Երեւանի ավագանու ընտրությունները: Ընտրություններին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:











