Հայաստանի հանրապետական կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը մայիսի 14-ին Երեւանի ավագանու ընտրություններին քվեարկության է գնացել կնոջ, երկու որդիների, մոր եւ հորաքրոջ հետ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ լրագրողների այն հարցին, թե մյուս թեկնածուներից ում օգտին նա կքվեարկեր` Նիկոլ Փաշինյանի՞ («Ելք» դաշինքից) թե Զարուհի Փոստանջյանի («Երկիր ծիրանի» կուսակցությունից), նա պատասխանել է. «Երեւանի օգտին»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսագրություններից մեկի մասին, որտեղ ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկում ընտրակաշառք են բաժանում, Տարոն Մարգարյանն ընդգծել է. «Այդ հարցով զբաղվում են իրավապահները»:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի արձանագրած ընտրախախտումներին, Տարոն Մարգարյանն ասել է, որ «Նման բան չկա: Եթե նման բան կա, թող դիմեն իրավապահ մարմիններին»:

«Մենք մեր բոլոր հակառակորդներին կոչ ենք արել նորմալ քարոզարշավ անցկացնել եւ մեզ վրա ցեխ չշպրտել: Դուք տեսաք` ինչպես ՀՀԿ-ն քարոզարշավ անցկացրեց, եւ արդյունքները պարզ կդառնան մի քանի ժամ անց»,-ասել է նա:

Խոսելով ՀՀԿ-ի համար ոստիկանության ՊՊԾ գնդից ձայներ հավաքելու մասին` Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ շտաբն արդեն այդ մասին հայտարարություն տարածել է. «Նման ցուցակներ գոյություն չունեն: Դրանով զբաղվում են իրավապահները: Այդ ցուցակները մեզ հետ կապ չունեն»: