News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 եւ տարատեսակ խոչընդոտումների 4 դեպք։ Այդ մասին ասվում է հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ։

«Մասնավորապես, մայրաքաղաքի Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության շտաբում հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, քաշքշել ու հարվածել նրան։ Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցում (10/29 ընտրատեղամաս) բռնություն է կիրառվել «Armtimes.com» լրատվական կայքի թղթակից Տաթեւ Խաչատրյանի նկատմամբ։ Վերջինիս աշխատանքը խոչընդոտվել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/46 ընտրատեղամասում։ «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ եւս ճնշում է գործադրվել նույն տեղամասում։ Մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտումների են բախվել նաեւ «1in.am» կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանը՝ Էրեբունի համայնքի 10/28 տեղամասում, «Hraparak.am»-ի լրագրող Սոնա Ադամյանը՝ Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Առեւտրի քոլեջում (2/50 ընտրատեղամաս)։  

Նմանատիպ փաստեր են արձանագրվել նաեւ քարոզարշավի ընթացքում. ճնշումների են ենթարկվել «Aravot.am»-ի թղթակից Նելլի Գրիգորյանը եւ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը։ Ձեւավորված արատավոր ավանդույթի համաձայն՝ այս ընտրությունների ժամանակ եւս լրագրողների նկատմամբ հարձակումներն ահագնացան, ինչը թույլ չտվեց նրանց ազատ եւ անկաշկանդ լուսաբանել այդ կարեւոր գործընթացը։

Եթե ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրը նույնպիսի իրադարձություններից հետո իրավապահ մարմինները իսկույն արձագանքեցին եւ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ սկսեցին, ապա այս անգամ նրանք առայժմ պատշաճ օպերատիվություն չեն դրսեւորում։ Նախորդ տարիների փորձն էլ առանձնապես հավատ չի ներշնչում, որ լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները ոտնահարողները պատասխանատվության կենթարկվեն։

Այդուհանդերձ, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

- ՀՀ ոստիկանությունից եւ իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը եւ դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել,

- ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Այս միջադեպերին վերաբերող իշխանությունների գործողությունները մեր ուշադրության կենտրոնում են գտնվելու. մենք պաշտպանելու ենք տուժած լրագրողների շահերը եւ իրազեկելու ենք հայաստանյան ու միջազգային հանրությանը վերոհիշյալ իրավախախտումներին առնչվող գործընթացների զարգացումների մասին։ 

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտ – Հայաստանը, «Լրագրողներ հանուն ապագայի», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ները, Գորիսի մամուլի ակումբը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ