News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ընտրությունները կայացան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ հրապարակեց նախնական արդյունքները: Դրանց համաձայն՝ հաղթել է Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով 71.25 տոկոս ձայն: Հենց ՀՀԿ-ի ընտրացուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն էլ քաղաքապետ կդառնա: «Ելք» դաշինքը ստացել է 21, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7.75 տոկոս ձայն: Այսպիսով՝ Երեւանի ավագանու 65 մանդատից 46-ը բաժին կհասնի Հանրապետական կուսակցությանը, «Ելք» դաշինքը կունենա 14, «Երկիր Ծիրանի»-ն՝ 5 մանդատ:

Ընտրողներն այս անգամ բավական պասիվ են եղել. ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ մայիսի 14-ի քվեարկությանը մասնակցել է 345.226 մարդ կամ ընտրողների 40.99%-ը:

«Ելք» դաշինքում ընտրությունների արդյունքներից, ընդհանուր առմամբ, գոհ են: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրենց նպատակը, իհարկե, հաղթանակն էր, բայց նախկինում Երեւանի ավագանիում տեղ չունեին, հիմա 14 ներկայացուցիչ կունենան: Փաշինյանը սա հաջողություն է համարում, նաեւ կարծում է, որ այս ընտրությունները մեկ բան հաստատ արձանագրեցին. Հայաստանի քաղաքական կյանքում «Ելք»-ի դիրքերն ուժեղանում են, դաշինքը կայուն ընտրազանգված ունի

Փաշինյանը քաղաքապետ չդարձավ, ավագանիում էլ տեղ ունենալ չի ցանկանում: Փոխարենը կվերցնի պատգամավորական մանդատը: Հետընտրական գործընթացների կարիք «Ելք» դաշինքում չեն տեսնում: Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու:

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանիում ընդդիմադիր երկու ուժերի՝ «Ելք» դաշինքի եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության համագործակցությանը: «Ելք»-ից Էդմոն Մարուքյանն ասում է՝ դեռ պետք է հասկանալ, արդյո՞ք «Երկիր Ծիրանի»-ն կվերցնի մանդատները: Ամեն դեպքում, դաշինքը պատրաստ է համագործակցել:

«Երկիր Ծիրանի»-ն ընտրությունների արդյունքներին այսօր չի արձագանքել. խոստացել են իրենց կարծիքը հայտնել վաղը: Փոխարենը կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարություն է տարածել մայիսի 14-ին իր եւ իր դստեր մասնակցությամբ ՀՀԿ-ի նախընտրական շտաբերից մեկում տեղի ունեցած միջադեպին: Նա նշել է, որ դեպքից 24 ժամ անց իրավապահների կողմից որեւէ արձագանք չկա, չնայած իրենք դիմել են բուժօգնության եւ հաստատել մարմնական վնասվածքներ ստանալու փաստը:

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին. մայիսի 14-ին կայացած քվեարկության վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ահազանգեր ստացել է, գրավոր բողոքներ՝ ոչ: Բայց քվեաթերթիկների հաշվարկի կամ քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոք ներկայացնելու ժամանակ դեռ կա:

Իսկ իրավապահ մարմինները խախտումների վերաբերյալ ահազանգեր ստացել են: Ոստիկանությունը 109 ահազանգ է ստացել, 39-ի մասով հետաքննություն է կատարվում: Դրանք վերաբերում են ընտրակաշառքին, ընտրողի ազատ կամքի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, բազմակի քվեարկության դեպքերին: Ընտրախախտումների մասին 10 ահազանգ ստացել է Քննչական կոմիտեն, 117 հաղորդում էլ ուսումնասիրում է գլխավոր դատախազությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի մարտական դիրքում մայիսի 14-ին ժամկետային զինծառայող Արշակ Արշակյանին մահացած են հայտնաբերել: Նա Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, միակողմանի ծնողազուրկ: 19-ամյա Արշակի հայրը մահացել է Ռուսաստանում արտագնա աշխատանքի ժամանակ, կրտսեր սերժանտն ապրում էր մոր եւ եղբոր հետ: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է զինծառայողի մահվան պատճառը: Արշակյանին հայտնաբերել են կզակի շրջանում հրազենային վնասվածքով:

Հարազատների պնդմամբ՝ նա բանակում որեւէ խնդիր չի ունեցել: Վերջին անգամ նրանց հետ հեռախոսով զրուցելիս բարձր տրամադրություն է ունեցել: Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ Արշակ Արշակյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը ստանձնել է աջակողմյան «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ Էդուար Ֆիլիպը: Նրա անունը ֆրանսիական լրատվամիջոցներում շրջանառվում էր դեռեւս անցյալ շաբաթվանից: Նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ Ֆիլիպն ամենահարմար թեկնածուն է այդ պաշտոնում. նա խորհրդարանական փորձ ունի, վարչապետի համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները: 46-ամյա Էդուար Ֆիլիպը քաղաքական կարիերան սկսել է Սոցիալիստական կուսակցության շարքերում, բայց հետո հարել է աջակողմյաններին:

Եվրոպայում զանգվածային հաքերային հարձակման զոհերի թիվը չի աճում։ Եվրոպոլում սա հաջողություն են համարում: Այստեղ ենթադրում են, որ պատճառն այն է, որ համակարգիչների օգտատերերն ու համակարգչային ադմինիստրատորները, հավանաբար, վերջապես ներբեռնել են ծրագրային թարմացումները, որոնք պաշտպանում են վնասակար WannaCrypt ծրագրից: Եվրոպոլը, սակայն, դեռ վաղ է համարում խոսել հարձակման հետեւում կանգնածների մասին: Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մատնանշել է, որ Microsoft-ում, որի Windows օպերացիոն համակարգը տուժել է հարձակումից, զանգվածային հարձակումը կապել են ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունների հետ:

Գլոբալ կիբեր հարձակումը սկսվել է մայիսի 12-ին: Վիրուսը, որն արդեն շորթող անվանումն է ստացել, արգելափակում է համակարգիչն ու 300 դոլար պահանջում՝ ապարգելափակման համար: Մի քանի օրվա ընթացքում վիրուսը ստեղծողներն ավելի քան 50 հազար դոլարի բիթքոին են հավաքել: Վերջին տվյալներով՝ WannaCrypt վիրուսից տուժել են 150 երկրների ավելի քան 200 հազար օգտատերեր: Կիբերգրոհն առավել ակտիվ է եղել Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Թայվանում: Ու եթե Եվրոպայում հարձակումը դադարել է, WannaCrypt վիրուսն ասիական երկրներում շարունակում է տարածվել:

Հանրապետությունում տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին: Վանաձորում ճանապարհը փլուզվել է, արդյունքում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը գրեթե կողաշրջվել է: Բարեբախտաբար՝ տուժածներ չկան: Տարածքում սողանքների մասին բնակիչները բազմիցս են ահազանգել Վանաձորի քաղաքապետարան: Եկել են, խիճ լցրել ու գործն ավարտված համարել: Իսկ հիմա՝ պատահարից հետո, քաղաքապետարանում փորձում են պարզել, թե ով է պատասխանատու ճանապարհի անբարեկարգ վիճակի համար:

Իսկ Երեւանում «Էրեբունի» բուժկենտրոնի մոտակայքում «Jeep Grand Cherokee» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը, գազի արտահոսք է սկսվել: Մինչ փրկարարների ժամանումը 52-ամյա ուղեւորին հիվանդանոց են տեղափոխել: Նրա վիճակը ծանր է:

Մեկ այլ խոշոր վթար է տեղի ունեցել Կիեւյան փողոցում: Իրար են բախվել «Toyota», «Mitsubishi» եւ «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները: «Toyota»-ի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են: 25-ամյա ուղեւորի վիճակը ծանր են գնահատել:

Մայիսի 15-ին դոլարը փոքր-ինչ էժանացել է, իսկ եվրոն՝ 4 դրամով թանկացել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 530, ռուբլունը՝ 8 դրամ 60 լումա, ֆունտինը՝ 625 դրամ:

Մայիսի 16-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվել: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ