News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Լարվածություն շփման գծում: Ադրբեջանական կողմը մայիսի 15-ին հերթական սադրանքին է դիմել՝ «ՍՊԱՅԿ» տեսակի կառավարվող հրթիռից կրակ բացելով Արցախի պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ: Արդյունքում վառելանյութի մեքենա է մասնակի վնասվել: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմը մարդկային կորուստ չունի: Շփման գծում լարված է եղել նաեւ գիշերը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ականանետից եւ հակատանկային նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 1200 կրակոց է արձակել: Հայկական կողմը հարկադրված է եղել պատասխան գործողությունների դիմել:

«Երկիր Ծիրանի»-ն օգտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոք ներկայացնելու հնարավորությունից եւ պահանջում է անվավեր ճանաչել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Դիմում-բողոքում նշվում է կուսակցության արձանագրած «համատարած կեղծարարությունների, մարդկանց կաշառելու, ուղղորդելու փաստերի, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնության» եւ դեպքերի մասին: Կուսակցությունում կարծում են, որ այս ամենն ազդել է ընտրությունների արդյունքի վրա:

Թիվ 7 տարածքային հանձնաժողովն էլ ընդունել է երկու տեղամասում քվեաթերթիկների վերահաշվարկի մասին «Ելք» դաշինքի դիմումները: 7/51 ընտրական տեղամասում ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկի ժամանակ ցնդող գրիչով քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեծ մասը դատարկ է եղել, ինչը տարօրինակ է թվացել «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին: Հիմա մնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացնի այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու-չճանաչելու վերաբերյալ: «Ելք»-ի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը կարծում է, որ փաստերով պետք է նաեւ դատախազությունը զբաղվի:

Մինչ այդ, Տարոն Մարգարյանը պատրաստվում է նոր ժամկետով պաշտոնավարմանը: Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Մարգարյանն ասել է, որ այսուհետ պետք է կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով աշխատեն: Նշել է, որ քաղաքացիներից արդեն բազմաթիվ նոր առաջարկներ են ստացել: Քննարկելու են դրանք եւ անհրաժեշտության դեպքում ծրագրային առաջնահերթություն են դարձնելու՝ փորձելով կյանքի կոչել:

Հայաստանի մեկ այլ քաղաք էլ՝ Արտաշատը, քաղաքապետ չունի: «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է, որ վայր է դնում քաղաքապետի՝ անչափ պատասխանատու լիազորությունները, «Ազգային ժողովի պատգամավորի մանդատով նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու համար»:

Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Արգամ Աբրահամյանին. Հանրապետական կուսակցությունում թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել: Արտաշատում լուրեր են տարածվել, որ ՀՀԿ-ն առաջադրելու է Հովիկ Աբրահամյանի վաղեմի հակառակորդի՝ «գազի Հովո» անունով հայտնի Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը: Ղազարյանը, սակայն, առայժմ չի հաստատում այս տեղեկությունները: Լուրեր կան, որ Հովիկ Աբրահամյանն էլ ուզում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնում տեսնել իր մորաքրոջ որդուն՝ քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանին:

Հրազդան քաղաքի այգիներից մեկում արկղի մեջ նորածնի դի են հայտնաբերել: Փոքրիկի մարմինը փաթաթված է եղել պոլիէթիլենային պարկով: Երեխան արական սեռի է, նախնական տվյալով՝ առավելագույնը մեկ օրական: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ նորածնի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Երեխայի մահվան հանգամանքները դեռեւս պարզ չեն: Հայտնի չէ նաեւ, թե ովքեր են նրա ծնողները եւ ինչպես է հայտնվել այգում: Իրավապահները ստուգում են հանրապետության ծննդատներում հաշվառված ծնունդների ցուցակները, նաեւ քննչական գործողություններ իրականացնում Հրազդանի թաղամասերում եւ շրջակա գյուղերում՝ երեխայի ծնողներին գտնելու համար:

Լոռու մարզում Հաղպատ գյուղի մոտ քարաթափման հետեւանքով դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհը որոշ ժամանակ երկկողմանի փակ է եղել: Քարաթափումը տեղի է ունեցել Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին: Շուրջ երկու ժամ անց հաջողվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի փլուզված հատվածում երթեւեկությունը միակողմանի վերականգնել: Պատահարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, անչափահաս երեխաներ են տուժել: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106» եւ Volkswagen մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Վթարի հետեւանքով 5 վիրավոր կա, այդ թվում՝ 2 անչափահաս երեխա: Թալինի բուժկենտրոն հոսպիտալացված երեխաներն արդեն դուրս են գրվել, իսկ աչքի վնասվածք ստացած վարորդին Երեւան են տեղափոխել:

Մայիսի 16-ին դոլարը շարունակել է նվազել, իսկ եվրոն թանկացել է եւս 4 դրամով: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 534, ռուբլունը՝ 8 դրամ 58 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:

Մայիսի 17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ