«Ծառուկյան» դաշինքի ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանը հերքում է տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը որեւէ ճնշում է գործադրել «ըմբոստացած» պատգամավորների նկատմամբ:
Այսօր՝ մայիսի 17-ին, «Ծառուկյան» դաշինքի հրավիրած նիստից առաջ լրագրողները նորընտիր պատգամավորից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ Ծառուկյանը ստիպում է պատգամավորներին վայր դնել մանդատները:
«Ինչի՞ մասին է խոսքը, դուք լսե՞լ եք, դուք տեսե՞լ եք: Դրանք փողոցային մանր խոսակցություններ են: Ի՞նչ տխուր պատմություններ եք պատմում, հուզվեցի»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Նշենք, որ մամուլում խոսակցություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստիպել է «ըմբոստացած» պատգամավորներին ամեն դեպքում վայր դնել մանդատները: Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից 12-ը, դեմ գնալով «Ծառուկյան» դաշինքի ղեկավարության որոշմանը, հետ են վերցրել իրենց ինքնաբացարկի դիմումները եւ նրանցից 8-ը պատգամավորի մանդատ է ստացել:











