News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մայիսի 16-ին տեղի ունեցած «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, խմբակցության քարտուղար ընտրվեց Գևորգ Գորգիսյանը:

Այս մասին հայնում են «Ելք» դաշինքից:

Նշենք, որ նորընտիր ԱԺ-ում «Ելք» դաշինքն ունի 9 մանդատ: 

Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի եւ Գեւորգ Գորգիսյանի կենսագրությունները:

Նիկոլ Վովայի Փաշինյան

Ծնվել է 1975թ.-ի հունիսի 1-ին, Իջեւանում:

1991-95թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992թ.-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ:
Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998թ.-ին հիմնադրվել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ.-ի դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999թ.-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2012թ.-ը:

1999թ.-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումը ի կատար չի ածվել:

2007թ.-ին եղել է «Այլընտրանք» հ/ք միավորման հիմնադիր անդամ: 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը: 2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2008թ.-ի մարտի 1-ից հետո՝ լինելով հետախուզման մեջ, 1 տարի չորս ամիս անց է կացրել ընդհատակում: 2009թ.-ի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ եւ ձերբակալվել եւ նույն տարվա դեկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում, ազատ է արձակվել 2011թ.-ի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով:

2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ:

2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կամավորական ջոկատի հրամանատար:

2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ եւ Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

2017թ. մայիսից՝ «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար: 

Գեւորգ Սամվելի Գորգիսյան

Ծնվել է 1986 թվականի հունվարի 23-ին, Երեւան քաղաքում։

Կրթություն

2003-2005 թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճորտարագիտական համալսարանի Քոմփյութերային համակարգերի եվ ինֆորմատիկա ֆակուլտետ, տեղեկատվական անվտանգություն մասնագիտությամբ։

2005-2007թթ. սովորել է ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

2009-2011թթ. շարունակել է ուսումը ՀՊՃՀ, «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի մագիստրատուրայում, Էլեկտրոնային նախագծման ավտոմատացում մասնագիտությամբ։

Աշխատանքային փորձ

2007–2009թթ․ շարունակել է աշխատել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես ծրագրավորող։

2009-2010թթ․  աշխատել է «ՍթրիմՏեք» ՍՊԸ-ում՝ որպես կայքի ադմինիստրատոր։

2010թ․ փորձաշրջան է անցել «ՆաիրիՍոֆթ» ընկերությունում։

2010-2014թթ․ աշխատել է «Ալտակոդ» ընկերությունում՝ որպես վեբ ծրագրավորող։

2015թ․-ից  աշխատում է «IAM Cloud» անգլիական ընկերությունում՝ որպես վեբ դեպարտամենտի ղեկավար։

Սոցիալական ներգրավվածություն

2013-2014թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել ՀՀ-ում ծավալվող քաղաքացիական եւ քաղաքական գործընթացներում՝ մասնակցելով նախագահական ընտրություններից հետո ծավալված հետընտրական գործընթացներին, հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ ուղղած պայքարին,  որպես «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ՝ պայքարելով Կուտակային Կենսաթոշակային բարեփոխումների դեմ եւ աջակցել է «Էլեկտրիկ Երեւան» քաղաքացիական շարժմանը՝ հոսանքի գնի բարձրացման դեմ։
2007- 2009թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ