Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ մայիսի 18-ին, անդրանիկ նիստի ժամանակ երդվեցին:
Երդման տեքստն ընթերցել է նիստը վարող, ՀՀԿ ցուցակով ընտրված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:
«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,- ընթերցել է նա:
Երդման արարողությունից հետո նիստին մասնակցող Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռացան:
Այսօրվա նիստում խորհրդարանի առաջին նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու են Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները:
Նշենք, որ նոր խորհրդարանն ունի 105 պատգամավոր, որտեղ գործելու է 4 խմբակցություն՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ: