News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վեցերերոդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի բացման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Մեր նպատակին հասնելու համար կարեւորագույն նշանակություն ունեն նաեւ այնպիսի տնտեսական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որը նպատակաուղղված է կայուն երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:

Ընդ որում` համադրված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է ստեղծեն այնպիսի դինամիկ ու կայուն մակրոտնտեսական միջավայր, որը հնարավորություն կտա հասնելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջին եւ երկարաժամկետ կայուն տնտեսական աճի՝ ապահովելով 2040 թվականի թիրախային ցուցանիշները: Անհրաժեշտ է, որ տնտեսական աճի միջին տարեկան տեմպերը զգալիորեն բարձր լինեն տնտեսական աճի միջազգային միջին տեմպերից, որպեսզի աստիճանաբար կրճատվի Հայաստանի եւ զարգացած երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշների տարբերությունը:

Մասնավորապես, 1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի՝ աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում եւս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ եւ հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ եւ կես անգամ աճ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները:

Հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները եւ ներկայիս տնտեսական իրավիճակը՝ պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ: Պետությունը պետք է խրախուսի եւ խթանի հատկապես մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող եւ հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները եւ, ինչու չէ, նաեւ կոնկրետ ծրագրերի զարգացումն ու իրականացումը: Մասնավորապես, մենք պետություն-մասնավոր համագործակցության բնագավառում զգալի հաջողությունների ենք հասել ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման, օդային հաղորդակցության ոլորտներում, սակայն տնտեսության շատ ոլորտներ դեռեւս անմասն են մնացել համագործակցության նշված ձեւի բարենպաստ արդյունքներից: Ուստի անհրաժեշտ է հստակ նպատակային աշխատանք տանել տնտեսության տարբեր ճյուղերում պետություն-մասնավոր գործակցության մատչելիության բարձրացման եւ կիրառման հնարավորությունների ընդլայնման համար՝ հաշվի առնելով միջազգային եւ հայաստանյան փորձը:

Անհրաժեշտ է շարունակաբար բարելավել բիզնես միջավայրն ու վերացնել գործարար խոչընդոտները՝ հաշվի առնելով նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցների, մասնավորապես՝ գործարարությամբ զբաղվելու եւ մրցունակության զեկույցները: Դրանք մեր տնտեսությունը համադրելի են դարձնում 150-ից ավելի տնտեսությունների հետ եւ մատնանշում են այն խնդիրները, որոնց լուծումները կբարելավեն Հայաստանի գրավչությունն ու մրցունակությունը: Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմել մինչեւ առաջին 20-յակը եւ հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր։

Անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, որ հայերիս համար ավելի դյուրին է հասնել հաջողությունների օտար երկրներում, քան Հայաստանում: Այո՛, անհամեմատ դժվար է մեզ համար մրցել միմյանց հետ, քան օտարների, բայց դա ոչ թե խոչընդոտ պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլ էական խթան եւ նախապայման: Պատկերացրեք, թե ինչքան դժվար կլինի օտարների համար մրցել միավորված հայերի հետ: Հաջողության բանալին այն է, որ ստեղծենք այնպիսի պայմաններ եւ զարկ տանք այնպիսի ոլորտների եւ ծրագրերի զարգացմանը, որտեղ հիմնական մրցակիցները օտարերկրյա շուկաներում են, այսինքն՝ ստեղծված արտադրանքն ու մատուցված ծառայությունները գերազանցապես ուղղված են արտահանմանը:

Այս առումով «Արտադրված է Հայաստանում» արտահայտությունը ոչ թե պետք է ցույց տա սոսկ, թե որտեղ է արտադրված տվյալ արտադրանքը, այլ պետք է նշանակի բարձր որակ, հուսալիություն եւ անվտանգության բարձր պահանջներին համապատասխանություն: Այս եւ նմանատիպ արտահայտությունները պետք է լինեն այն միասնական հովանոցը, որը համախմբում է հայերի ուժը, եռանդը եւ ստեղծագործ միտքը՝ ապահովելու համար հայկական տնտեսության մրցունակությունը արտաքին շուկաներում:

Նշվածին հասնելու անհրաժեշտ նախապայմաններից է անվտանգության եւ որակի կառավարման, հավաստման եւ վերահսկողության համակարգերի ու ենթակառուցվածքների ձեւավորումը: Դա պահանջում է մասնավոր եւ պետական հատվածների նպատակաուղղված, մեծածավալ աշխատանք: Այս դեպքում հայկական արտադրանքի՝ անգամ որոշ չափով թանկ լինելը մրցակիցների համեմատ ոչ թե կնշանակի դրանց մրցունակ չլինելը, այլ կփաստի հայկական արտադրանքի բարձրորակ եւ գերակա լինելը, կապահովի դրա մրցունակությունն անգամ համեմատաբար բարձր գնային պայմաններում:

Սա իր հերթին թերեւս միակ ճանապարհն է՝ շրջանցելու համար հայաստանյան շուկայի փոքր լինելու խոչընդոտը: Ընդ որում` արտահանման աճի բարձր տեմպեր ունենալու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք տանել ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ եվրոպական եւ այլ շուկաների հետ մեր ինտեգրման աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:

Արտահանման խթանման եւ մրցունակության բարձրացման հետեւանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետեւ նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչեւ ՀՆԱ 50-55 տոկոսը:

Գործարար միջավայրի բարելավման եւ զբաղվածության խթանման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի հարկային համակարգի եւ վարչարարության շարունակական բարելավումը: Ժամանակին, երբ հարկային վարչարարությունը դեռեւս իր ձեւավորման փուլում էր, որոշում էր կայացվել ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը տեղափոխել Հայաստանի Հանրապետության մաքսային սահման: Այն թեեւ կոշտ, բայց պրագմատիկ լուծում էր, որը հնարավորություն տվեց ինչ-որ տեղ ի հաշիվ տնտեսական ակտիվության, համեմատաբար քիչ ռեսուրսներով ապահովել հարկահավաքության ծրագրավորված ցուցանիշները:

Համոզված եմ, որ ժամանակն է որպեսզի առաջիկա տարիներին ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը աստիճանաբար սահմանից դեպի տնտեսություն տեղափոխվի՝ առաջին հերթին շեշտը դնելով հումքի եւ սարքավորումների վրա: Այս քայլը էապես կխթանի տնտեսական ակտիվությունը, ինչպես նաեւ հնարավորություն կտա հայկական արտադրողներին դրամական միջոցներ տնտեսել եւ դրանք ուղղել արտադրության ընդլայնմանը եւ արտադրական տեխնոլոգիաների արդիականացմանը:

Կասկածից վեր է, որ հայկական արտադրությունը, որը հիմնված է գերազանցապես տեղական ռեսուրսների վրա եւ օգտագործում է տվյալ ոլորտի միջազգային լավագույն տեխնոլոգիաները, ի զորու է միջազգային շուկաներ մատակարարելու բարձր որակական չափանիշներին համապատասխանող մրցունակ արտադրանք: Ուստի անհրաժեշտ է խրախուսել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, մասնավորապես ստեղծել գործարարության աջակցության այնպիսի համակարգ, որը կօժանդակի մեր գործարարներին ընտրելու, տեղափոխելու եւ հայաստանյան պայմաններին հարմարացնելու իրենց պահանջներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաները:

Բոլորիս հայտնի է, որ կան որոշակի առանձնահատկություններ հայկական արտադրանքն արտաքին շուկաներ հասցնելու հարցում, ինչը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի թանկացմանը: Այս ուղղությամբ պետք է անընդհատ եւ նպատակային աշխատանք տանել ավելի բարենպաստ տրանսպորտային ենթակառուցվածքներ ունենալու համար, սակայն միաժամանակ պետք չէ ամենալավատեսական սցենարների վրա հիմնված նախաձեռնություններ ծրագրել: Մենք պատրաստ պետք է լինենք անգամ ամենածանր պայմաններում մրցունակ լինել, իսկ նշված պայմանների փաստացի բարելավումն ավելի մրցունակ կդարձնի հայկական արտադրանքը:

Տնտեսական ծրագրերը մշակելիս՝ այս խնդիրների վերաբերյալ մեր կանխատեսումներն անհրաժեշտ է իրականացնել պահպանողական սցենարով, այսինքն` հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկու հարեւանների հետ մեր հարաբերությունները բարելավման միտում չունեն: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք չենք անելու մեզնից կախված ամեն ինչ դրանք բարելավելու նպատակով:

Հարգելի՛ գործընկերներ,

Տարածքային համաչափ զարգացումը պահպանելով որպես երկարաժամկետ նպատակ՝ անհրաժեշտ է կարճ եւ միջին ժամկետներում առկա ոչ մեծաքանակ ռեսուրսներն ուղղել ավելի պատրաստված եւ նախադրյալներ ունեցող տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը: Դրանք իրենց հերթին կբերեն տեղային աճի կենտրոնների ձեւավորմանը՝ աստիճանաբար տարածվելով եւ հանգեցնելով երկարաժամկետ տարածքային համաչափ զարգացմանը: Միեւնույն ժամանակ, առանձնակի մոտեցում պետք է ցուցաբերել սահմանապահ համայնքների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը շարունակում է ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության տեսանկյունից կարեւոր խնդիր մնալ:
Հայաստանի Հանրապետությունում հատկապես անընդունելի է ունենալ աղքատության բարձր ցուցանիշ, քանի որ հայերը հայտնի են իրենց բացառիկ ձեռնարկատիրական ընդունակություններով։

Չափազանցրած չեմ լինի, եթե պնդեմ, որ յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով գոնե մտածել կամ մտածում է սեփական գործը հիմնելու մասին: Այս առումով անհրաժեշտ է ապահովել նվազագույն անհրաժեշտ պայմաններ եւ հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու փորձելու եւ, համոզված եմ, հաջողությամբ իրականացնելու իր նախատեսած ծրագրերը:

Միաժամանակ, էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության եւ համաչափության ցուցանիշների բարելավումը, որպեսզի հասարակության բոլոր խավերի համար տեսանելի եւ շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի, եթե այդ աճի արդյունքների վերաբաշխման համակարգն արդար եւ թափանցիկ չէ, զգալի չէ յուրաքանչյուր քաղաքացու համար եւ չի ապահովում աղքատության ցուցանիշի կրճատում:

Աղքատության կրճատման ուղիներից են զանազան նպաստների տրամադրման համակարգերը կամ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, սակայն հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է: Այդ պարագայում յուրաքանչյուրը կբարելավի իր եւ իր ընտանիքի բարեկեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը:

Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, եւ այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս:

Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր եւ իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը:

Այս նպատակով պետք է հետեւողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի եւ աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչեւ 2022 թվականը եւ 300 տոկոսի՝ մինչեւ 2040 թվականը: 

Միեւնույն ժամանակ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակներից: Մասնավորապես, պետք է հասնենք այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը:

Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ եւ անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում, եւ 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում եւ իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին եւ հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում:

Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի:

Մեր նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստան: Կրթված սերունդն է մեր երկրի հաջողության գրավականն ու բարեկեցության հիմքը: Հետեւաբար պետք է ապահովենք առաջնակարգ կրթության հասանելիություն՝ միաժամանակ շարունակաբար բարձրացնելով կրթության որակը: Խիստ կարեւոր է նաեւ ապահովել գիտության ու կրթության կապը տնտեսության հետ:

Գիտությունն ու կրթությունն առաջին հերթին պետք է տան այն խնդիրների լուծումները, որոնց առջեւ կանգնած են տնտեսությունն ու տնտեսվարողները: Անհրաժեշտ է գիտության եւ կրթության ֆինանսավորման գործող համակարգը լրացնել այնպիսի տարրերով, որոնցում պարտադիր մասնակցություն ունենա նաեւ մասնավոր հատվածը: Դա կվկայի, որ տվյալ ծրագրի ֆինանսավորումը պահանջված է, իսկ արդյունքները կլինեն կոնկրետ ու չափելի՝ նպատակ ունենալով բարձրացնել հայկական տնտեսության մրցունակությունն ինչպես կարճ, այնպես էլ միջին եւ երկար ժամկետներում:

Հայաստանի քաղաքացու առողջությունն ու առողջ ապրելակերպը պետության զարգացման կարեւորագույն գրավականներից են: Ուստի պետության կողմից մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու բժշկական ապահովագրության ներդրումը առողջապահական համակարգի առաջնահերթ խնդիրներից են:

Անվճար եւ որակյալ բժշկական օգնությունը պետք է հասանելի լինի անապահովության եւ սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, պետությունը պետք է աջակցի անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած անձի: Հատկապես, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահել մոր եւ մանկան առողջության վերաբերյալ հարցերը, քանի որ դրանք հսկայական ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության առողջ քաղաքացու կերտման գործում:

Երիտասարդների միջին մասնագիտական եւ բարձրագույն որակյալ կրթության մատչելիությունը կարեւոր նշանակություն ունի, որպեսզի երիտասարդները ինքնադրսեւորվեն եւ ակտիվորեն ներգրավվեն հայրենիքի շենացման գործին: Պետք է պայմաններ ապահովել, որպեսզի երիտասարդների ընդունակությունները, այլ ոչ թե սոցիալական դրությունը, վճռորոշ լինեն համապատասխան կրթություն եւ աշխատանք ստանալու հարցում:

Պետք է շարունակել եւ ընդլայնել երիտասարդության զբաղվածության, ինչպես նաեւ բնակարանային ապահովման ծրագրերը: Առողջ եւ կրթված երիտասարդների ամուր ընտանիքները եւ ապագայի հանդեպ լավատեսությունը կարեւոր նախապայմաններ են Հայաստանի զարգացման եւ առաջընթացի համար:

Մեր նպատակն է պահպանել, ավելացնել եւ գալիք սերունդներին փոխանցել մեր հարուստ մշակութային ժառանգությունն ու հանրահռչակել այն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Պետք է խթանել տնտեսական բաղադրիչի, ներառյալ՝ զբոսաշրջության, առավել սերտ ներգրավվածությունը մշակութային արտադրանքի եւ ծառայությունների, պատմամշակույթային ժառանգության եւ մշակութային արժեքների պահպանության, զարգացման եւ տարածման ոլորտներում: Պետք է շարունակաբար բարձրացնել ոլորտի պետական եւ պետական-մասնավոր ծրագրերի արդյունավետությունը՝ նպաստելով նաեւ մարզերում մշակույթի խնդիրների լուծմանը:

Առանց շրջակա միջավայրի պահպանության պատշաճ եւ արդյունավետ համակարգի անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի եւ ապահովել գալիք սերունդների առողջության պահպանումն ու կյանքի որակի բարելավումը:

Բնապահպանական հստակ չափորոշիչներին համապատասխանությունը պետք է լինի քաղաքաշինական եւ գործարար ծրագրերի իրականացման նախապայման: Անհրաժեշտ է շարունակել Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման եւ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները՝ ապահովելով երկարաժամկետ կայուն կենսաբազմազանության ստեղծումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս բոլորը կարեւորագույն առաջնահերթություններ են, որոնք ամեն օր քննարկման առարկա են դառնալու այս շենքում, որոնց մասին մշտապես խոսվելու է ամբիոնից։ Ես վստահ եմ, որ մենք քայլ առ քայլ, լուծումներ գտնելով, առաջ ենք շարժվելու։ Միեւնույն ժամանակ, որպես 25-ամյա պետականություն ունեցող հասարակություն, մենք պետք է սովորենք շատ ավելի առաջ նայել, որպեսզի ընթացիկ աշխատանքը ներկա խնդիրների լուծմանն ուղղելուց բացի միշտ ունենանք ավելի երկարաժամկետ հեռանկարը։ Այս տեսանկյունից առաջիկա 5 տարում մենք պետք է մշակենք նաեւ ծրագիր-տեսլական, որը կունենա 50 տարվա հորիզոն եւ կթիրախավորի այն ցուցանիշները, որոնք մեզ տանում են դեպի ապագայի Հայաստան, դեպի ուժեղ եւ անվտանգ Հայաստան:

Այս ամբիոնից գալիք տարիների ընթացքում հատկապես շատ է խոսվելու մեր թիվ մեկ խնդրի՝ արցախյան հիմնախնդրի եւ մեր անվտանգության, պաշտպանության հարցերի մասին։ Դա բնական է։

Այս հարցերի շուրջ իմ դիրքորոշումն ու հավատամքը մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ։ Այդ մասին մենք դեռ էլի շատ անգամներ ենք խոսելու։

Այսօր պիտի անդրադառնամ եւ հստակություն մտցնեմ միայն նախընտրական շրջանում հնչեցված մի քանի մտքերի շուրջ, որոնք, իմ կարծիքով, անպատասխան թողնել չի կարելի, քանի որ դրանք կարող են սխալ մտայնությունների ձեւավորման պատճառ դառնալ մեր հասարակության մեջ։

Հասկանալի է, որ նախընտրական քարոզչության շրջանում, երբ քաղաքական ուժերը նպատակ ունեն բոլոր միջոցներով հնարավորինս բարձրացնել իրենց վարկանիշը ընտրողների շրջանում, կարող է շահարկվել եւ հաճախ էլ շահարկվում է գրեթե ամեն ինչ։ Այս անգամ Արցախի հիմնախնդիրն էլ չմնաց չշահարկված։

Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ։

Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով եւ մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ եւ հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ:

Քսան տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրա մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ։ Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։

Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեեւ այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։

Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում եւ ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, եւ հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը։

Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը։ Միայն կրկնեմ, որ մինչեւ հիմա որեւէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք:

Մինչ վերջին տարիների բանակցային գործընթացի հիմնական էությանն անդրադառնալը, կցանկանայի եւս մի տեսակետի արձագանքել։ Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ։ Համաձայնեք, ծնողական պարտքի արտասովոր դրսեւորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արեւմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։

Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձեւակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից։

Փոխարենը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաեւ Ադրբեջանի համար եւ երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Ի տարբերություն նախորդ շրջանի, աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաեւ, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու նաեւ Արցախի ներկայացուցիչները:

Մի խոսքով, հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Հենց սա է վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը։

Նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան կրկին ցույց տվեց, որ ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։ 

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։

Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է բանակցային գործընթացում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական այս դրույթներում մեզ համար երկակի մեկնաբանություններ պարունակող ձեւակերպումներն անընդունելի են։

Մի կարեւոր հավելում եւս, որն աննախադեպ է հիմնահարցի հանգուցալուծման ջանքերի պատմության մեջ։ Առաջին անգամ թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե՛ Արցախի ու Հայաստանի միջեւ ցամաքային կապի դրույթն ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի համատեղ հայտարարությունների մեջ։ Այսինքն, սա եւս մեկ անգամ վկայում է, որ այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որեւէ քննադատության չի դիմանում:

Հիմնահարցը մինչեւ այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է եւ չի թաքցնում դա։ Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում եւ իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին։

Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։

Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց եւ պատրաստ ենք ու այսուհետ եւս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով։

Հարգելի՛ գործընկերներ,

Ավարտելով՝ որպես ամփոփում ուզում եմ կրկին հատուկ կարեւորել մեր ժամանակի խորհուրդը բնորոշող երկու հանգամանք:

Այս օրը մեր պետականության համար կայացման կարեւոր ջրբաժան է` մենք անցում ենք կատարում պետականաշինության փնտրտուքներից կայուն զարգացման փուլ: Միջազգային փորձը լավագույնս վկայել է, որ անցումն այնպիսի խորհրդարանական կառավարման համակարգի, որի հիմքում դրված է իրավունքի գերակայության սկզբունքը, որտեղ հարաբերությունների առանցքը մարդն է ու նրա անօտարելի իրավունքները, այնտեղ հնարավոր է հասնել հանրային լայն համաձայնության ու երաշխավորել անշեղ զարգացում:

Դա, սակայն, դեռեւս հնարավորություն է, մեզանում` արդեն իսկ իրական հնարավորություն: Առաջին ու վճռորոշ քայլն արված է: Միջազգային մեր գործընկերների ակտիվ աջակցությամբ մեզ հաջողվեց իրականություն դարձնել սահմանադրական այնպիսի բարեփոխումներ, ինչն այսօր շատ երկրների ու առաջատար մասնագետների կողմից օրինակելի է համարվում: Սակայն մենք պարտավոր ենք անել նաեւ հաջորդ եւ ոչ պակաս կարեւոր քայլը` կյանքի կոչել սահմանադրական նոր լուծումները` հաղթահարելով Սահմանադրության, իրավական համակարգի եւ իրավակիրառ պրակտիկայի անհամապատասխանությունները: Դա այսօր դառնում է մեր երկրի իրավական անվտանգության ամենակարեւոր մարտահրավերը, իսկ դրան դիմակայելը` մտածողության ու գործողության նոր որակ է պահանջում: Պահանջում է պետությունքաղաքացի հարաբերությունների նոր մշակույթ: Պետաիշխանական գործառույթներով օժտված յուրաքանչյուրից պահանջում է պատմական բեռը վերցնելու եւ պատվով կրելու կամք ու վճռականություն:

Երկրորդ` դուք եք մարմնավորելու անցումը նոր որակի պետական համակարգի: Իշխանության աղբյուրն ու տերը հանդիսացող ժողովուրդը ձեզ է օժտել միակ առաջնային մանդատով` կյանքի կոչելու մեր երկրում ժողովրդավարական զարգացման ողջ ներուժը: Դուք պատգամավորական մանդատի հետ մեկտեղ ստանձնել եք պատմական պատասխանատվություն` բռնել ժամանակի քննությունը, իրականություն դարձնել ժողովրդի վստահությունը, մեր նորագույն պատմության հիմնաքարերը դնել դարերով կանգուն մեր եկեղեցիները կառուցողներին արժանի նախանձախնդրությամբ:

Նախաձեռնելով մեր երկրում սահմանադրական ողջ համակարգի արմատական բարեփոխումները` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մենք ժողովրդից վստահության քվե ստացանք ձեւավորելու պետական կառավարման այնպիսի համակարգ, որում իշխանության ճյուղերը կլինեն հստակ տարանջատված ու հավասարակշռված, մարդու համար կերաշխավորվի իրավունքով պաշտպանված ազատությունը, իշխանությունը սահմանափակված կլինի իրավունքով, լավագույն երաշխիքներ կստեղծվեն պայքարելու համար մենիշխանության, կոռուպցիայի ու բացասական այլ երեւույթների դեմ: Ամբողջ խնդիրն այն է, թե ձեզ ինչպես կհաջողվի երկրի ողջ օրենսդրական համակարգը ներդաշնակել սահմանադրական նոր լուծումներին: Դուք եք պատասխանատուն երկրում սահմանադրականության նոր որակի երաշխավորման համար: Բացառիկ դերակատարություն է ձեզ վերապահված` ձեւավորել կառավարման առավել արդյունավետ համակարգ, կյանքի կոչել անկախ դատական իշխանության կայացման սահմանադրական նոր հնարավորությունները, տեղական ինքնակառավարումը դարձնել մարդկանց ամենօրյա խնդիրների արդյունավետ լուծման իրական հնարավորություն եւ իրավունք:

Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել ընդհուպ փոփոխություններ կատարելու երկրի Մայր օրենքում, անմիջական մասնակցություն ունենալու պետական մարմինների կազմավորման գործում, իրականացնելու լայն վերահսկողական լիազորություններ` արդյունավետ զուգակցելով թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության դերակատարությունը:

Ակնհայտ է նաեւ, որ մարդիկ դեռեւս իրենց առօրյայում չեն զգացել սահմանադրական բարեփոխումների դրական ներազդեցությունը: Դա զարմանալի չէ, քանի որ Սահմանադրության նորմերը, համակարգային ամբողջականությամբ հանդերձ, ուժի մեջ են մտնելու միայն 2018 թվականից: Պարզ է նաեւ, որ սովորական մարդու, շատ-շատերի համար նոր իրավական համակարգի ընձեռած առավելությունները տեսանելի ու շոշափելի կլինեն 2018-2019 թվականներից սկսած: Սակայն դա միայն այն դեպքում, երբ մեզ՝ ձեզ հետ միասին, հաջողվի առաջիկայում ընդունել ու կյանքի կոչել բոլոր այն օրենքները, որոնք երաշխավորելու են Սահմանադրության իրական գործողությունը: Իսկ դրանք ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր օրենքներ են: Դուք պարտավոր եք ստանձնել այս ահռելի աշխատանքի պատասխանատվությունը:

Համամասնական ընտրակարգի հիմնական առավելությունը նաեւ այն է, որ անհատական պատասխանատվությունը զուգորդվում է քաղաքական պատասխանատվության հետ: Ուստի մեր քաղաքական ուժերին նույնպես պետականաշինության լուրջ քննություն է սպասվում:

Երբեք մի մոռացեք, որ պատգամավորական մանդատը վստահության ու պատասխանատվության մանդատ է: Ձեր ճակատագիրն այդ մանդատով շաղկապվեց երկրի ճակատագրին եւ զինվորին ներհատուկ քաջություն ու խիզախություն է պահանջում: 

Սրանք հավուր պատշաճի ասված խոսքեր չեն: Ես ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք դարերի փորձություն բռնած այն ճշմարտությունը, որ իր ճակատագիրը երկրի ճակատագրից սահմանազատած անհատը թշնամու զինվորից վտանգավոր է: Մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները բացառում են կիսալուծումները, բացառում են ժամանակից հետ մնալը, բացառում են չարվածի համար անընդհատ արդարացումներ փնտրելը, պահանջում են անմնացորդ նվիրում ու քրտնաջան աշխատանք: Դուք ժողովրդից քվե եք ստացել առաջնորդող դերակատարություն ունենալու երկրի անվտանգ ու առաջընթաց զարգացման, փոփոխություններով ու կառուցելով ելք գտնելու արդար Հայաստանի կերտման հարցերում: Իսկ դա միայն բարի ցանկություններով չի լինում: Ինչպես որ զուգորդվում են մեր նպատակները, այնպես էլ պետք է ներդաշնակվեն մեր ամենօրյա ու անմնացորդ նվիրումով իրականացվելիք քայլերը` ի փառս մեր երկրի ու ժողովրդի:
Կարծում եմ, որ հենց այս գիտակցումով պետք է մեկնարկի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման նստաշրջանը` ազդարարելով մեր երկրում պառլամենտարիզմի կայացման ու պետականության ամրապնդման նոր ժամանակաշրջանի սկիզբը:

Այսքանն էի այս պահին ուզում ասել ձեզ՝ փոխանցելու համար խնդիրների եւ պատկերացումների այն լայն ծիրը, որով անմիջականորեն զբաղվելու է փոփոխված Սահմանադրությամբ լայն լիազորություններ ստացած խորհրդարանը։ Իրականում այսօր մեր պետության եւ մեր երկրի ապագայի տեսանկյունից կարեւոր օր է, փոփոխությունների նոր ու մեծ ալիքը խորհրդանշող օր։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում վեցերորդ գումարման Ազգային ժողովին։

Շնորհակալ եմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ