News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


6-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նիստն այսօր մեկնարկել է խորհրդարանի փոխնախագահների ընտրությամբ: Նախ Գագիկ Մելիքյանը նիստերի դահլիճում ցուցադրել է քվեաթերթիկի օրինակն ու բացատրել, թե ինչպես պետք է քվեարկել: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը կարծես առաջին անգամ էր տեսնում քվեաթերթիկը. խնդրեց, որ Մելիքյանն իրեն առանձին բացատրի քվեարկելու կարգը, իսկ հետո պատգամավորներին բացատրեց ավելի մատչելի լեզվով՝ մի պահ նիստերի դահլիճ վերադարձնելով Գալուստ Սահակյանի կոլորիտը:

Արա Բաբլոյանը, կարծես, ամեն ինչ անում է, որ նախագահի աթոռին Գալուստ Գրիգորիչի բացակայությունը շատ չզգացվի: Խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին ներկայացնելիս նորընտիր խոսնակը սխալ կարդաց Էնֆիաջյանի ու Գորգիսյանի ազգանունները, ինչպես նաեւ Աղվան Վարդանյանի անունը:

Քվեարկության արդյունքները, մեղմ ասած, կանխատեսելի էին. բոլոր երեք թեկնածուներն էլ՝ 2-ը՝ ՀՀԿ-ից, մեկը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, ընտրվեցին:

Որպեսզի խորհրդարանի նախկին նախագահն ու փոխնախագահը շատ չտխրեն ղեկավար աթոռներից շարքային պատգամավորի աթոռին հայտնվելու համար, նրանց համար մխիթարական նվերներ էին պատրաստել. Հերմինե Նաղդալյանին՝ մի փունջ ծաղիկ, Գալուստ Սահակյանին՝ հուշանվեր:

Կրքերը թեժացան, երբ հերթը հասավ խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը կրճատելու մասին Հանրապետականի առաջարկի քննարկմանը

«Ելք» խմբակցության պատգամավորները դեմ էին այս նախագծին. պահանջում էին, որ ՀՀԿ-ի առաջարկած 9-ի փոխարեն լինի 10 հանձնաժողով, որպեսզի «Ելք»-ը նույնպես հանձնաժողով ղեկավարելու հնարավորություն ստանա: Նրանց հետաքրքրում էր հատկապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որի ղեկավարի պաշտոնի համար լավ թեկնածուներ ունեն՝ Էդմոն Մարուքյանն ու Արտակ Զեյնալյանը: Պատճառաբանումը, որ նրանք փորձառու իրավաբաններ են, Աշոտյանին տարբեր զուգահեռներ անցկացնելու առիթ տվեց:

Երբ զուգահեռների հերթը հասավ բժշկությանը, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ զսպել հեգնելու ցանկությունն ու տեղից խայթեց Աշոտյանին: Աշոտյանի հետ «Ելք»-ի բանավեճն այսքանով, սակայն, չավարտվեց: Ի պատասխան Արմեն Աշոտյանի հեգնանքի՝ Էդմոն Մարուքյանը նրան հիշեցրեց, որ նա մասնագիտությամբ բժիշկ է: Այս քննարկումը խորհրդարանի ղեկավարությանը մի լավ զվարճացրեց:

Ավելի ուշ Մարուքյանը կասկած հայտնեց, թե Արմեն Աշոտյանը բավականաչափ կոմպետենտ է՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարելու համար: Աշոտյանը սա անպատասխան չթողեց: Փորձեց հակադարձել Մարուքյանի ոճով: Հետո էլ Մարուքյանի դեմ օգտագործեց «էրոր» լինելու մասին իր իսկ հնչեցրած գնահատականը:

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը պահանջում է փակել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Այսօր նրանք այս պահանջով բողոքի ակցիա են անցկացրել դեսպանատան առջեւ: Պատճառն օրերս Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ բրիտանական դեսպանատան խիստ համարձակ նախաձեռնությունն էր. դիվանագիտական ներկայացուցչության շենքին մի ամբողջ օր, թագավորության պետական դրոշի փոխարեն, ծածանվում էր նույնասեռականների խորհրդանշական բազմագույն դրոշը: Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ դեսպանատունն այս քայլով քարոզչություն է իրականացնում Հայաստանում, ինչի իրավունքը դիվանագիտական ներկայացուցչությունը չունի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել մայիսի 15-ին ադրբեջանական կողմից հրթիռի արձակման կապակցությամբ՝ այս անգամ վերջապես մատնանշելով սադրիչ կողմին: «Բազմաթիվ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»,- ասվում է հայտարարության մեջ։

Արցախի տարածքի գնդակոծությունը դատապարտել է նաեւ Ռուսաստանը: Այստեղ նաեւ կոչ են արել զերծ մնալ լարվածության հետագա սրացումից: 

Իսկ Բաքուն նեղացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ադրբեջանական զինված ուժերը գտնվում են «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում եւ կարող են անել այն ամենը, ինչ ցանկանան»: Ադրբեջանական կողմը, ըստ էության, չի ժխտել գնդակոծության փաստը:

Մինչ այդ, արդեն հայտնի է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն օգոստոսի 31-ին կդադարեցնի գործունեությունը: Կազմակերպության Մշտական խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության մանդատը երկարացնելու հարցում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը միշտ բեղուն է եղել եւ հավելել, որ կազմակերպությունը կշարունակի երկրի հետ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: Նշենք, որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն էր, որտեղ ԵԱՀԿ գրասենյակ էր գործում: Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակը փակվել է 2008 թվականին, Ադրբեջանում՝  2015-ին: Երեւանյան գրասենյակի գործունեության հարցն առկախված էր տարեսկզբից: Ադրբեջանը բողոքում էր ականազերծման վարժանքների ծրագրի դեմ, իսկ գերմանական, իսկ հետո՝ ավստրիական նախագահությունը փորձում էին Բաքվին համոզել, որ այդ բողոքներն անհիմն են, բայց ապարդյուն: Վիեննայում կայացած վերջին բանակցությունները նույնպես, փաստորեն, դրական արդյունքի չեն հանգեցրել:

Վաշինգտոնում Էրդողանի այցի դեմ ցույցի ժամանակ թուրքերի մասնակցությամբ միջադեպը նոր զարգացումներ է ստանում: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են Էրդողանի թիկնապահները հարձակվում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Տեսանյութում երեւում է Էրդողանի մեքենան՝ թիկնապահներով շրջապատված: Նրանց մի մասը հետեւում է իրադարձություններին, իսկ ավելի ուշ ոմանք հարձակվում ու սկսում են հարվածել ցուցարարներին:

Ամերիկյան պետքարտուղարությունը Թուրքիայի դեսպանին կանչել է՝ բացատրություններ տալու: Մի շարք սենատորներ եւ կոնգրեսականներ վրդովմունք են հայտնել միջադեպի հետ կապված, իսկ Ջոն Մաքքեյնը նույնիսկ կոչ է արել «գրողի ծոցն արտաքսել» Թուրքիայի դեսպանին՝ հավելելով, որ նման դեպքերը չեն կարող անպատասխան մնալ դիվանագիտական մակարդակում: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց Էրդողանի այցի դեմ խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում բախումներ էին գրանցվել ցուցարարների եւ Էրդողանի կողմնակիցների միջեւ: 11 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, տուժել է, երկու անձ կալանավորվել է:

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երեկ երեկոյան հիվանդանոցներից մեկից ոստիկանություն են զանգահարել եւ տեղեկացրել, որ ձախ գոտկային շրջանում կտրած-ծակած վերքով իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել: Պարզվել է, որ վիրավորը 38-ամյա Արմեն Պառավյանն է: Նրան դանակահարել են «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ: Տուժածը չի կարողացել պատմել պատահարի մասին: Հիմա արդեն նրա վիճակը բավարար են գնահատում. գիշերը վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո նրան հիվանդասենյակ են տեղափոխել: Պառավյանին դանակահարելու կասկածանքով որոնում են Երեւանի 34-ամյա բնակիչ Գարուշ Մանուկյանին:

Իսկ Հերացու փողոցում խոշոր վթար է տեղի ունեցել: Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում, բախվել են «BMW» եւ «Mercedes» մակնիշների մեքենաները: Պատահարի արդյունքում վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: «Mercedes»-ի վարորդն ու «BMW»-ի ուղեւորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:

Դոլարը շարունակում է թուլանալ, եվրոն եւ ռուբլին՝ ամրապնդել դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 539, ռուբլունը՝ 8 դրամ 47 լումա, ֆունտինը՝ 628 դրամ:

Մայիսի 20-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը կարճատեւ տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ