ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական հայտարարությունները չեն կարող նրա հետագա քաղաքականության հիմք դառնալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց արեւելագետ Գառնիկ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ պետք չէ դրանք որպես հիմնարար հայտարարություններ ընդունել: «Նա, իհարկե, ամեն ինչ մտածված է անում, նա խորհրդականների լավ խումբ ունի: Բայց չեմ կարծում, որ Իրանի մասին հայտարարությունները խորը բնույթ ունեն: Դրանք հիմնականում ներքին լսարանի համար են, ինչպես նաեւ տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի»,- ընդգծեց Ասատրյանը:
Հարցին, արդյո՞ք ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի դադարեցման հավանականություն կա, արեւելագետը պատասխանեց. «Չեմ կարծում: Ներքաղաքական առումով Թրամփի վիճակը բավական ծանր է: Նրա հայտարարությունների զգալի մասն այս համատեքստում պետք է դիտարկել: Չեմ կարծում, որ նրա նախագահության ընթացքում այդ հայտարարությունները կշարունակվեն: Եվ Իրանում դա հասկանում են»:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիա կատարած առաջին արտասահմանյան այցի ընթացքում ԱՄՆ նախագահը մահմեդական 55 երկրների ղեկավարների առջեւ ելույթում կտրուկ քննադատության էր ենթարկել Իրանին՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար:
«Լիբանանից մինչեւ Իրաք ու Եմեն Իրանը ֆինանսավորում է զենքի մատակարարումը, մարզում է ահաբեկիչներին, զինյալներին եւ ծայրահեղական այլ խմբերին, որոնք ավերածություն եւ քաոս են սերմանում ամբողջ տարածաշրջանում: Իրանի կառավարությունը բացահայտորեն խոսում զանգվածային սպանությունների մասին, խոստանում է ոչնչացնել Իսրայելը, ԱՄՆ-ի մահն է խոստանում, խոստանում է ոչնչացնել բազմաթիվ առաջնորդների եւ ժողովուրդների, այդ թվում նրանց, ովքեր հիմա այս դահլիճում են»,- մասնավորապես հայտարարել էր Թրամփը: