News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացել է Մեծ Բրիտանիայի ուղղությամբ: Մանչեսթերում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունը 22 մարդու կյանք է խլել, 59 մարդ վիրավոր է, եւս 5-ն անհետ կորած է համարվում: Զոհերի թվում նաեւ երեխաներ կան: Ահաբեկչությունն իրականացվել է «Մանչեսթեր Արենա»-ի մուտքի մոտ, ամերիկացի երգչուհի Արինա Գրանդեի համերգից հետո: Բրիտանական իշխանությունները ողբերգությունն ահաբեկչություն են որակել, իսկ «Իսլամական պետություն» խմբավորումն արդեն ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:

Հայտնի է, որ ահաբեկչությունը մահապարտ է իրականացրել: Նա պայթուցիկ սարքը գործի է դրել, երբ համերգի ավարտից հետո մարդիկ սկսել են դուրս գալ «Մանչեսթեր Արենա»-ից: Ու թեեւ հաղորդվել էր, որ մահապարտը միայնակ է գործել եւ նույնպես մահացել է, տեղեկություն է հրապարակվել, որ ոստիկանությունը 23-ամյա տղամարդու է ձերբակալել: Լրատվամիջոցները նույնիսկ նրա անունն են նշել՝ Սալման Աբեդի: Նրա քաղաքացիության մասին, սակայն, առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Հավելենք, որ սա խոշորագույն ահաբեկչությունն է 2005 թվականին Լոնդոնի մետրոյում իրականացված պայթյուններից հետո, որոնք 50 մարդու կյանք խլեցին: Միջազգային հանրությունը դատապարտել է Մանչեսթերում իրականացված ահաբեկչությունը: Իսկ Փարիզի քաղաքապետը որոշում է կայացրել կեսգիշերին մարել Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ ողբերգության զոհերի:

«Արաբկիր» բժշկական կենտրոնում երկու տարեկան երեխա է մահացել: Տղան առողջական խնդիրներ է ունեցել, Երեւան է տեղափոխվել Գյումրիի Ավստրիական բժշկական կենտրոնից: Երեխայի ծնողները ոստիկանություն են դիմել՝ փոքրիկի մահվան համար մեղադրելով բժիշկներին: Կարծում են, որ տղային անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվել: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: «Արաբկիր» բժշկական կենտրոնից մեր թղթակցին տեղեկացրել են, որ մահացած տղան սրտի բնածին արատ է ունեցել՝ արյունատար անոթի նեղացում: Երեւան տեղափոխելուց հետո երեխային անմիջապես վերակենդանացման բաժանմունք են տարել, բայց 15-20 րոպե անց նա սրտի կանգի հետեւանքով մահացել է:

Ոստիկանները հայտնաբերել են Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կնոջը: Բերման է ենթարկվել Հրազդանի 40-ամյա մի բնակչուհի: Նա խոստովանել է, որ մայիսի 11-ի առավոտյան իր բնակարանի զուգարանում, առանց բժշկական օգնության, տղա երեխա է լույս աշխարհ բերել: Կինը վստահեցրել է, որ ճիչ արձակելուց հետո փոքրիկը մահացել է: Նորածնի դին փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակով, դրել թղթե տուփի մեջ, ապա տեղափոխել Հրազդանի անտառային կանաչապատ տարածքներից մեկն ու հեռացել:

Քննչական կոմիտեն, սակայն, սպանության մեղադրանքով քրեական գործ է հարուցել: Իրավապահները պարզել են, որ ծննդաբերելուց հետո մայրը երեխային լոգարանում է թողել՝ առանց խնամքի եւ կերակրելու: Ըստ տեղեկությունների՝ 40-ամյա կինը երկար տարիներ ամուսնալուծված է, երկու անչափահաս երեխա ունի՝ որդի եւ դուստր:

Հովհաննես Հովսեփյանը նորից կղեկավարի նախագահի վերահսկողական ծառայությունը: Նա այս պաշտոնում աշխատել է նաեւ 2008-2016 թվականներին, իսկ 2016-ի մարտից նշանակվել է պետեկամուտների կոմիտեի նախագահ: Այստեղ, սակայն, ընդամենը մի քանի ամիս է աշխատել: Կարեն Կարապետյանի՝ կառավարությունը ձեւավորելուց հետո Հովսեփյանն ազատվել է պաշտոնից, նրան փոխարինել է Վարդան Հարությունյանը: Հովհաննես Հովսեփյանը մի շարք պետական պարգեւների է արժանացել:

Կինոարտադրությունը Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում է. այսօր վարչապետը մշակույթի նախարարությունում է եղել: Փոխնախարար Արթուր Պողոսյանը ներկայացրել է Հայաստանի կինոարտադրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Անհրաժեշտ են համարում կինոարտադրության կառավարման ժամանակակից մոդելի համար իրավական հիմքեր ապահովել, «Շրջիկ կինոթատրոն» ծրագիր իրականացնել, մարզային կինոթատրոնների ցանց ստեղծել: Վարչապետը հանձնարարել է կինոարտադրության զարգացման ծրագիր մշակել ու կրկին շեշտել. հիմքում տրամաբանություն պետք է լինի:

Կարեն Կարապետյանը խնդիր է համարում նաեւ Երեւանում ու մարզերում երեխաների մշակութային ժամանցի կազմակերպումը: Ոլորտի պատասխանատուները պետք է առաջարկներ ներկայացնեն, կառավարությունն էլ, հնարավորության դեպքում, կփորձի ֆինանսապես աջակցել:

Ամերիկյան արժույթը շարունակում է թուլանալ, իսկ եվրոյի աճը չի դադարում: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 543, ռուբլունը՝ 8 դրամ 53 լումա, ֆունտինը՝ 626 դրամ:

Մայիսի 24-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, հյուսիսային շրջաններում՝ ամպրոպ: Երեւանում նույնպես առանձին հատվածներում կարճատեւ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ