Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի գերակա խնդիրների, իրականացվող պետական աջակցության նպատակային ծրագրերի մասին:
Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման ուղղությամբ աշխատանքը, կատարված խնայողությունների հաշվին մեկնարկել են նաեւ նոր ծրագրեր, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանը:
Նախագահը հանձնարարել է առաջ մղել գյուղատնտեսական մրցունակ ապրանքների արտահանման խթանմանը, ներմուծվող հիմնական գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրանքով փոխարինմանը, գյուղտեխնիկայի պարկի արդիականացման եւ գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման նպատակով գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի իրականացմանը, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպատակաուղղված ծրագրերը:
Նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է նաեւ հստակ ժամանակացույցով հատուկ թիրախային ծրագրեր մշակել եւ շարունակել աշխատանքը ոռոգման կաթիլային համակարգի, հակակարկտային ցանցերի ներդրման նպատակով գյուղացիական տնտեսություններին մատչելի ռեսուրսներով ապահովելու, պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթանման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Իգնատի Առաքելյանը Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնք հնարավորություն կընձեռեն խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում զարգացում ապահովել, բարելավել գինու արտադրանքի որակը, բարձրացնել հայկական գինու ճանաչելիությունը եւ խթանել արտահանումը:
Նախարարի պաշտոնակատարի զեկույցը ներառել է նաեւ ապահովագրական համակարգի ներդրման, մթերման գործընթացի կանոնակարգման, անտառպահպանական ծառայությունների ծրագրի իրականացման, ինչպես նաեւ Սեւանա լճի ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների պահպանության եւ արդյունավետ օգտագործման ծրագրերի ընթացիկ ու ակնկալվող արդյունքները, տոհմային անասնաբուծության, սերմնաբուծության եւ սերմնարտադրության համակարգի խթանմանն ուղղված ծրագրերի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հանրապետության Նախագահի կողմից գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին զեկուցված հարցերի վերաբերյալ տրվել են նաեւ մի շարք այլ հանձնարարականներ: