News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մադրիդում մասնակցեց «Էթնիկ եւ կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արեւելքում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին, որը կազմակերպվել էր Իսպանիայի եւ Հորդանանի կողմից։

Մերձավոր Արեւելքի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները, նրանց ինքնության պաշտպանությանը վերաբերող հարցերը, տարածաշրջանի ավանդական բազմազանության պահպանումը մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, որը միջազգային տարբեր հարթակներում իր ակտիվ մասնակցությամբ փորձում է իր նպաստը բերել այս կարեւոր հիմնախնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերում։

Համաժողովին մասնակցում էին շուրջ վաթսուն միջազգային կազմակերպությունների եւ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։

Նախարարական համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-րդը։

Համաժողովի պլենար նիստը բացվեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ելույթով։

Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իսպանական կողմին՝ միջոցառումը հյուրընկալելու եւ Հորդանանի հետ համատեղ այս արդիական խնդրի շուրջ քննարկումներին հետամուտ լինելու համար։ Հայաստանը շարունակում է իր ակտիվ նպաստը բերել միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային եւ բազմակրոն խճանկարի մաս է կազմում: Մերձավոր Արեւելքի՝ համակեցության եւ հանդուրժողականության ավանդույթի վրա խորապես արմատավորված բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում ոչ միայն քաղաքակրթական առումով, այլեւ անվտանգության կարեւոր գործոն էր հանդիսանում: Այսօր էթնիկ, կրոնական, ներառյալ՝ քրիստոնեական փոքրամասնությունները դարձել են առավել խոցելի խմբեր եւ ահաբեկչական խմբավորումների կողմից այլատյացության գաղափարախոսությամբ դրդված վայրագությունների հետեւանքով զանգվածաբար արտագաղթում են այս տարածաշրջանից։

Մերձավոր Արեւելքի բազմազանության եւ հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում, ինչի մասին են վկայում ահաբեկչական գործողությունները Եվրոպայում: Մերձավոր Արեւելքի մարտադաշտերից ահաբեկիչների վերադարձը սպառնալիք է ոչ միայն իրենց բնակության երկրների համար, այլեւ կարող է դրդապատճառ դառնալ այլ տարածաշրջաններում հակամարտությունների սրման ու ճգնաժամային իրավիճակների առաջացման համար: ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներն ու զարհուրելի այլ վայրագությունները արդեն այսօր չեն սահմանափակվում միայն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանով:

Եվս մեկ անգամ պետք է հստակ ընդգծվի, որ կրոնը որեւէ առնչություն չունի բռնության հետ: Մենք գործ ունենք մարդկության դեմ հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են ԴԱԻՇ-ի եւ ահաբեկչական այլ խմբավորումների կողմից: Բարբարոսությունը պատերազմ է հայտարարել քաղաքակիրթ աշխարհին: Իրապես, սպառնալիքը, որին բախվում են Մերձավոր Արեւելքի էթնիկ եւ կրոնական համայնքները, ոչ միայն զուտ ֆիզիկական գոյության, այլ նաեւ քաղաքակրթական մարտահրավեր է: Թե որքանով միջազգային հանրությունն ի զորու կլինի միավորվել եւ համատեղ պայքարել այս չարիքի դեմ, ցույց կտա, թե որքանով է այն պատրաստ պաշտպանելու իր իսկ սեփական քաղաքակրթական արժեքները:

Հենց այս ոգով է Հայաստանը վճռականորեն միացել այս չարիքն արմատախիլ անելուն ուղղված միջազգային ջանքերին:

Կիսելով Հորդանանի արտգործնախարարի կարծիքը, որ մի կողմից կա ահաբեկչական փոքրամասնությունը եւ մյուս կողմից ողջ քաղաքակիրթ աշխարհը, կցանկանայի ընդգծել, որ քաղաքակիրթ մեծամասնության ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն ահաբեկչությունը սնուցող պայմանների վերացմանը։

Պատահական չէ, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունն առաջատար դերակատարություն ունի Մերձավոր Արեւելքում էթնիկ եւ կրոնական բռնությունների դեմ պայքարում: Հայոց ցեղասպանության տարիներին Մեքքայի Հաշիմյանների էմիր Հուսեյն Բին Ալին հայերին պաշտպանելու հատուկ հրահանգ արձակեց: Կարեկցանքի եւ հոգատարության արժեքները չեն կորցրել իրենց այժմէականությունը: Դրանք խորապես արմատավորված են Մերձավոր Արեւելքի դարավոր ավանդույթներում եւ պետք է օրինակ ծառայեն մեր ջանքերը համախմբելու համար:

Սիրիական ճգնաժամը խորացրեց տարաձայնությունները ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ աշխարհի այլ մասերում: Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ դրա հիմքում ընկած պատճառների, զարգացումների եւ հանգուցալուծման ուղիների վերաբերյալ, սակայն մենք պետք է միասնական լինենք մարդասիրական հարցերում: Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական եւ կրոնական տարբերություններից:

Հաջորդ տարի նշվելու է Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Էթնիկ եւ կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողությունները վերահաստատում են կոնվենցիայի արդիականությունը, որը հստակորեն սահմանել է պատժի ենթակա գործողությունները, ներառյալ՝ հանցակցությունը: Ինքնության հողի վրա իրականացված հանցագործություններում ներգրավված ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած աջակցություն պետք է դիտարկվի այս կոնվենցիայի դրույթների ներքո:

Բռնությունը Մերձավոր Արեւելքում չի շրջանցել սիրիահայությանը, որը բազմաթիվ զոհեր է ունեցել ահաբեկչական գործողությունների արդունքում: Ավիրվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ եւ մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Ցեղասպանությունից փրկված հայ փախստականները ապաստան գտան արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արեւելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը:

Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Մենք նաեւ շարունակական մարդասիրական աջակցության միջոցով օգնության ձեռք ենք մեկնում այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն Սիրիայում:

Սահմանադրական եւ օրենսդրական վերջին բարեփոխումների միջոցով Հայաստանը հնարավորություն ընձեռեց իր չորս ամենախոշոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տեղն ապահովել խորհրդարանում: Այս խմբերից երեքը՝ եզդիները, ասորիները եւ քրդերը, Սիրիայում եւ Իրաքում ենթարկվում են ինքնության հողի վրա իրականացվող բռնությունների: Մենք այդ ժողովուրդների հետ համատեղ երկար պատմություն ունենք։ Այսօր Հայաստանն իր նպաստն է բերում միջազգային հանրության ջանքերին՝ պաշտպանելու Մերձավոր Արեւելքի ինչպես հայկական, այնպես էլ մյուս խոցելի համայնքները։

Մերձավոր Արեւելքում էթնիկ եւ կրոնական բազմազանությունը պահպանելու, պաշտպանելու եւ խրախուսելու առաքելությունը կարեւոր է քաղաքակրթական, մարդասիրական եւ անվտանգության տեսանկյուններից, ինչն էլ այն դարձնում է արդի ամենակարեւոր մարտահրավերներից մեկը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ