Հայաստանի կառավարության եւ «ABA մոլեկուլյար» ընկերության միջեւ նոյեմբերի 23-ին կնքված համաձայնագրով Հայաստանում կսկսվի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը՝ Հայաստանում ռոդիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը, որը գտնվելու է Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայում (նախկին՝ Ա. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի գիտության գծով տնօրենի տեղակալ Սարգիս Թարոյանը։
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 23-ին Երեւանում Հայաստանի կառավարության եւ «ABA մոլեկուլյար» ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնագիր պրոտոնային արագացուցիչ ձեռք բերման մասին։ Կառավարությունը համաձայնագիր է ստորագրել նաեւ «ՔեյԲիՍի» բելգիական բանկի հետ՝ 11 տարի մարման ժամկետով, 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով 5 մլն եվրոյից ավել արտոնյալ վարկ տրամադրելու վերաբերյալ:
Պրոտոնային արագացուցչի ընդհանուր արժեքը կազմում է 7 մլն եվրո, սակայն Բելգիայի կառավարությունը սուբսիդավորել է գնումը` տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ:
«Այդ արագացուցիչի ձեռքբերումը մեզ հնարավորություն կտա Հայաստանում առողջապահական խնդիրների լուծումը բերել ավելի բարձր մակարդակի եւ առավել որակյալ ախտորոշում իրականացնել օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիա»,- նշեց Սարգիս Թարոյանը, հավելելով, որ նոր սարքավորումը հնարավորություն կտա ուռուցքների եւ այլ չարորակ գոյացությունների ճշգրիտ ախտորոշում իրականացնել Հայաստանում։
«Բելգիական «ՑԻԿԼՈՆ 18/18»-ի ներդրումը նոր խոսք է հայաստանյան ուռուցքաբանության ախտորոշման եւ բուժման ոլորտում։ Սա հնարավորություն կտա ոչ միայն անվնաս, այլեւ ճշգրիտ ախտորոշման իրականացնել»,-ասաց Ս. Թարոյանը։ Նրա խոսքով՝ ռադիոիզոտոպների ներկարկման միջոցով հնարավոր կլինի գրանցել հիվանդության կոնկրետ ախտանիշը մարմնի կոնկրետ հատվածում։
«Իզոտոպները նյութեր են, որոնք ճառագայթներ են արձակում, իսկ էլեկտրոնային սարքերը այդ ամենը գրանցում են։ Արդյունքում՝ կարելի է ստանալ մարմնի տարբեր մասերի նկարներ, որոնք անհամեմատ ավելի բարձր ճշգրտություն ունեն, քան ներկայիս միջոցները»,- ասաց Ս. Թարոյանը՝ հավելելով, որ դրանք կարեւոր են բոլոր օրգանների, հատկապես ուղեղի չարորակ գոյացությունների վերաբերյալ տվյալների գրանցման, հետեւաբար նաեւ բուժման համար։
Նրա խոսքով՝ քաղցքեղի պարագայում, հաճախ անհրաժեշտ է որոշել դրա տարածվածությունը, իսկ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա այդ ամենը ճշգրիտ իրականացնել։
«Այս մեթոդի կիրառումը հիվանդության ախտորոշման մեթոդի որակի բարձրացման եւ ճշգրիտ բուժում իրականացնելու գործում լուրջ առաջընթաց է»,- նշեց Ս. Թարոյանը։
Տեղեկացնենք, որ նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի 2011թ. սկզբին, իսկ արագացուցչի գործարկումը նախատեսված է պայմանագրի ստորագրումից հետո 18 ամսվա ընթացքում:




























