ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նույնիսկ մեկ օր չցանկացավ անցկացնել իրեն այդ նույն պաշտոնում նախորդած, իր թիմակից Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակում։ Նա հիմնովին վերանորոգում է Նաղդալյանի աշխատասենյակը, միայն պատերն են կանգուն, անգամ դռներն ու պատուհաններն է տեղահան արել։

Արդեն շարքային պատգամավոր Հերմինե Նաղդալյանը տեղափոխվել է այլ տեղ եւ «կապիտալ» վերանորոգման պահանջ չի ներկայացրել։ Նրան պատահմամբ ԱԺ միջանցքում հանդիպելով՝ հետաքրքրվեցինք՝ վիրավորված չէ՞, իր թիմակիցը ջանում է հիմնահատակ վերացնել նաղդալյանական շունչն այնտեղ, որտեղ անցկացրել է երկար ու ձիգ տարիներ, Նաղդալյանը պատասխանեց. «Օ՜, ինչ եք ասում, բոլորովին չի վիրավորում»։

Ի դեպ, Աժ երկարամյա փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում ոչինչ չի փոխվել, իսկ «Ծառուկյան» խմբակցության փոխխոսնակ Միքայել Մելքումյանինը այն աստիճան մակերեսային է վերանորոգվել, որ նույնիսկ նկատելի չէ:

6–րդ գումարման Ազգային ժողովում աշխատասենյակը կապիտալ վերանորոգելու անհրաժեշտության առջեւ կանգնել էր նաեւ ՀՀԿ–ի օգտին ավելի քան 40 հազար քվե ապահոված «Ավշարի Արայիկը»՝ Արայիկ Գրիգորյանը, որը նույնիսկ հարեւանի հաշվին ընդլայնել էր սենյակը։ Մեզ հետ զրույցում նա հիմնավորել էր, թե Աշոտ Արսենյանի հետ նույն աշխատասենյակում «նստելու» նպատակով է ձեւափոխել։