News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մանչեսթերում ահաբեկչություն իրականացրած մահապարտի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել: Պարզվել է, որ Մանչեսթերի բնակիչ Սալման Աբեդին, որին կասկածում են պայթյունն իրականացնելու մեջ, ծնունդով Լիբիայից է: Նա դեպքից մի քանի օր առաջ է վերադարձել հայրենիքից: Կասկածյալի ծնողները հիմա էլ Լիբիայում են բնակվում: Հիմա իրավապահները փորձում են պարզել՝ արդյո՞ք նա հատուկ պատրաստություն է անցել ջիհադականների ճամբարում: Դեռեւս հայտնի չէ նաեւ, ահաբեկիչը միայնա՞կ է գործել, թե՞ համախոհներ է ունեցել:

Իսկ մինչ իրավապահներն աշխատում են Մանչեսթերի ահաբեկչությունը բացահայտելու ուղղությամբ, Լոնդոնում Բուքինգեմյան պալատից ոչ հեռու դանակով զինված տղամարդ է ձերբակալվել: Բայց այս դեպքը չեն շտապում ահաբեկչություն որակել: Ամեն դեպքում, տեղական լրատվամիջոցները նշում են, որ տղամարդուն ձերբակալել են դեպքի վայր Եղիսաբեթ 2-րդ թագուհու ավտոմեքենայի մոտենալուց հաշված րոպեներ առաջ:

Մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա»-ում իրականացված ահաբեկչության հետեւանքով 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ: Մի քանի տասնյակ տուժած կա, որոնցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Աշխարհի տարբեր քաղաքներում տեսարժան վայրերը լուսավորվել են Մեծ Բրիտանիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Մանչեսթերի ահաբեկչության զոհերի: Նախաձեռնությանը հետեւել են Արաբական Միացյալ էմիրություններում, Հյուսիսային Իռլանդիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, Գերմանիայում եւ այլուր: Իսկ Փարիզում մարել են Էյֆելյան աշտարակի լույսերը, Հռոմում՝ Կոլիզեումի:

Կարեն Կարապետյանը վաղը երկօրյա այցով Ռուսաստան կմեկնի: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։

Դոնալդ Թրամփի աշխատակազմը հրապարակել է 2018 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ Կոնգրեսին ուղղված առաջարկները: Առաջարկվում է, մասնավորապես, 29 տոկոսով կրճատել ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը, 60 տոկոսով էլ՝ Եվրոպային եւ Եվրասիային օգնությունը: Հայաստանին տրամադրվող օգնությունն առաջարկվում է կրճատել 67%-ով՝ 20.4 մլն-ից հասցնելով 6.8 մլն դոլարի: Բյուջեի նախագիծը հաշվի է առնում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հարաբերակցությունը: Առաջարկվում է երկրներին 600 հազարական դոլար հատկացնել՝ ռազմական կրթության եւ ուսուցման ծրագրի համար: Ռազմական ֆինանսավորում չի նախատեսվում: Ի դեպ՝ առաջարկները ներառում են նաեւ 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում է օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել Հայաստանի դեմ գործողությունները: Ադրբեջանին ֆինանսական օգնությունը կկրճատվի 90 տոկոսով եւ ընդհանուր առմամբ կկազմի 1 միլիոն դոլար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան ուղեւորության շրջանակում Իտալիայում է եղել: Այստեղ նույնպես Թրամփին ուղեկցել են կինը՝ Մելանյան, դուստրը՝ Իվանկան ու փեսան՝ Ջարեդ Քուշները: Վատիկանում Թրամփն ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 30 րոպե տեւողությամբ հանդիպման ժամանակ զրուցել են հիմնականում ահաբեկչության թեմայով: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պապը Թրամփին սառն ընդունելության է արժանացրել: Հռոմի Պապը նաեւ կլիմայի փոփոխությունների թեմայով գրքեր է նվիրել Թրամփին՝ հավանաբար ակնարկելով այդ հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը:

Մելանյա եւ Իվանկա Թրամփերը Կաթոլիկ եկեղեցու Հովվապետի հետ հանդիպմանը զուսպ հագուստով են ներկայացել՝ սեւ գլխաշորերով, որոնցից, սակայն, հրաժարվել էին մահմեդական Սաուդյան Արաբիայում: Ի դեպ՝ Մելանյա Թրամփն Իտալիայում նույնպես ամուսնուն անհարմար վիճակի մեջ է դրել. Հռոմի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս Դոնալդ Թրամփը ձեռքը կնոջն է մեկնել, բայց Մելանյան անտեսել է այն ու սկսել սանրվածքը շտկել: Նույնը տեղի էր ունեցել նաեւ Իսրայելում:

Դոնալդ Թրամփն Իտալիայում նույնպես հանդիպումներն ավարտել է ու Բելգիա մեկնել: Բրյուսելում ԱՄՆ նախագահը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հանդիպելու է Եվրամիության կառույցների ղեկավարների հետ:

Արտակարգ պատահարների մասին: Վարդենիսում անհայտ անձը կամ անձինք պայթեցրել են եկեղեցու հարեւանությամբ գտնվող տներից մեկի մոտ կայանված «BMW»-ն: Մեքենան պատկանում է Վարդենիսի 62-ամյա բնակիչ Հակոբ Սիմոնյանին: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ Սիմոնյանի տունը: Քրեական գործ է հարուցվել, իրավապահները փորձում են պարզել հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Երեւանում էլ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: 41-ամյա Գարիկ Մուրադյանը Opel մակնիշի մեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 69-ամյա Հուսիկ Հարությունյանին: Վարորդը փախուստի չի դիմել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածը հիվանդանոցում մահացել է:

Դոլարի անկումը շարունակվում է, կտրուկ թուլացել է նաեւ եվրոն: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 538, ռուբլունը՝ 8 դրամ 55 լումա, ֆունտինը՝ 625 դրամ:

Մայիսի 25-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: Երեւանում վաղը երեկոյան ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում՝ կարճատեւ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ