News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթաշենի կամրջից 13 տարեկան երեխա է ընկել ու մահացել: Նախնական տեղեկություններով՝ տղան ընկերների հետ կամրջի մոտ խաղալիս է եղել, այդ ընթացքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը: Տղայի ընկերը դեպքի վայրում իրավապահներին մանրամասներ է պատմել:

Հայաստանում մահափորձ է կանխվել: Իրավապահները տեղեկություն էին ստացել, որ մի խումբ զինված անձինք սպանություն են ծրագրում: Նրանք Էջմիածնում բնակարան էին վարձակալել, զենք ու զինամթերք ձեռք բերել ու սկսել նախապատրաստվել: Ոստիկանները, սակայն, անակնկալի են բերել կասկածյալներին: Երեք անձի Էջմիածնի բնակարանում վնասազերծել են ու բերման ենթարկել: Բնակարանի խուզարկությամբ էլ զենք ու զինամթերք է հայտնաբերվել:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք մահափորձ էին ծրագրում երկու հեղինակությունների՝ Վստրեչի Ապեր մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի եւ Դոն Պիպո մականվամբ հայտնի իտալահայ Արթուր Ասատրյանի դեմ:

Գուգարքում ընտանեկան վեճի արդյունքում կինը սպանել է ամուսնուն: 32-ամյա Լիանան դեպքի վայր ժամանած ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակը, որից կրակել է ամուսնու՝ Տիգրան Մարտիրոսյանի վրա: Հարեւաններն ասում են՝ տանից մշտապես վիճաբանության ձայներ են լսվել, իսկ այսօր նաեւ կրակոցներ են հնչել: 33-ամյա Մարտիրոսյանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:

Նշենք, որ Տիգրան Մարտիրոսյանը տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին է: Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` ժորա Մարտիրոսյանն ու ազգականը սպանվել էին 2004 թվականին: Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհին նրանց մեքենան գնդակոծել էին:

Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Կարեն Կարապետյանի դրայվը կտրուկ ավելացել է: Երկու օր առաջ գործադիրը մայիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու առաջարկ էր արել, այսօրվա նիստում էլ որոշել է եւս մեկ արտահերթ հրավիրել հունիսի 8-ին: Խորհրդարանի հաստատմանն օրինագծերի չորս փաթեթ են ներկայացնելու:

Փողոցների մաքրությունը Կարեն Կարապետյանի համար, կարծես, պատվի խնդիր է դարձել. կառավարությունը հնարավոր բոլոր միջոցներով այս օրերին քարոզում է առաջիկա համապետական շաբաթօրյակն ու քաղաքացիներին կոչ անում միանալ դրան: Վարչապետի հերթական նախաձեռնությունը նույնպես սրան է վերաբերում: Կարապետյանը հանձնարարել է համայնքապետարանների կազմում նոր՝ սանիտարական տեսուչների հաստիքներ ստեղծել, որոնք պետք է տուգանեն աղբը չնախատեսված վայրում թափող քաղաքացիներին: Սա, հավաստում է, լրացուցիչ ծախս գրեթե չի առաջացնի: Նոր աշխատակիցների աշխատավարձերը կգոյանան հենց այդ տուգանքների հաշվին: Զբոսաշրջիկների համար Հայաստանը պետք է գրավիչ լինի նաեւ վերեւից: Վարչապետը հանձնարարել է միասնական ոճ եւ գույն հաղորդել շենքերի տանիքները:

Գործադիրի այսօրվա նիստում նաեւ նշանակում է արվել. Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Կարեն Բոթոյանը: Մարզի նախկին ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանն ապրիլին կայացած ընտրությունների արդյունքներով խորհրդարան է վերադարձել:

Վերջին զանգին ընդառաջ՝ օրակարգային են դարձել կրթության ոլորտի խնդիրները: Լրագրողները Լեւոն Մկրտչյանին նախ հարցրել են վարչապետի նախաձեռնած դպրոցների օպտիմալացման հնարավոր հետեւանքների մասին: Մտավախություն կա, որ հատկապես հեռավոր գյուղերում դպրոցները փակելը կարող է նպաստել արտագաղթին: Մկրտչյանը վստահեցրել է, որ իրականում դպրոցների խոշորացումից աշակերտները միայն կշահեն. ծախսերը կկրճատվեն, ուսուցման մակարդակն էլ կբարձրանա:

Փոփոխություններ են սպասվում նաեւ բարձրագույն կրթության ոլորտում: Լեւոն Մկրտչյանին դուր չի գալիս, որ բակալավրիատի մասնագիտությունների 70%-ն այսօր հումանիտար ուղղություններով են: Տեխնիկական մասնագիտությունների ընդլայնման հաշվին դրանց թիվը կկրճատվի: Հնարավոր է նաեւ, որ առաջիկայում որոշ համալսարաններ նորից ինստիտուտներ դառնան:

Որքան էլ Կրթության նախարարությունը վստահեցնում է, որ Վերջին զանգի կապակցությամբ դրամահավաքն արգելվել է, ամեն դեպքում, բազմաթիվ ահազանգեր կան, որ դրամահավաքը շարունակվում է, որոշ դպրոցներում այն նույնիսկ մեծ ծավալների է հասնում: Նախարարի խոսքով՝ դա աշակերտների ցանկությունն է: Ուսուցիչներն ու աշակերտներն էլ իրենք պետք է տեղում հետեւեն, որ անվճարունակ շրջանավարտները խնդիր չունենան:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր վերջապես ազատ է արձակվել: Կալանավայրից նա դուրս է եկել վարդերը ձեռքին, որոնք անձամբ էր մշակել բանտում անցկացրած երեք տարիների ընթացքում: Ավետիսյանը ծաղիկները լրագրողներին է նվիրել:

Վոլոդյա Ավետիսյանին դիմավորելու էին գնացել մարտական ընկերները, հարազատները, վեց զավակները: Նա հայտարարել է, որ կալանավայրից անմիջապես գնալու է կառավարություն, որտեղ շուրջօրյա նստացույց է սկսելու՝ պահանջելով, որպեսզի Հայաստանում սկսի գործել վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը: Նշենք, որ Ավետիսյանն ինքն էլ այդ ինստիտուտի չկայացած լինելու զոհն է. նրա փաստաբանները մի քանի անգամ ապարդյուն դատարան էին դիմել՝ խնդրելով վաղաժամկետ ազատում: Ի վերջո՝ ազատամարտիկն ազատ արձակվեց համաներման արդյունքում:

Հիշեցնենք, որ Վոլոդյան Ավետիսյանը մինչեւ վերջ չընդունեց իրեն առաջադրված կաշառքի մեղադրանքը: Նա պնդում էր, որ դա քաղաքական հաշվեհարդար է իր դեմ՝ ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման համար իր պայքարի պատճառով: Այնուամենայնիվ, նա մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ այս գործում, նրա խոսքով, մեծ դեր ուներ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը, ի դեպ, Ավետիսյանի մարտական ընկերն է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե հիմա, երբ Օհանյանն իրեն ընդդիմադիր է հռչակել, հնարավո՞ր է, արդյոք, նրանք նորից համագործակցեն: Վոլոդյա Ավետիսյանը ոչինչ չի բացառում, այնուամենայնիվ, ակնարկում է, որ չի հավատում նախկին նախարարի քաղաքական նոր դիրքորոշման անկեղծությանը: Ավելի ուշ արդեն կառավարության շենքի առջեւ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել է, որ չի դադարեցնելու իր քաղաքական պայքարը եւ իր համախոհների հետ փորձելու է դուրս բերել ժողովրդին վախի մթնոլորտից:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տիտղոսների հավաքածուն համալրեց Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումով: Անգլիական ակումբը երեկ կայացած հանդիպման ժամանակ 2:0 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»: Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց: Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա»-ում խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին «Մանչեսթեր Արենա»-ում մայիսի 22-ին իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակը: Ողբերգության պատճառով չկայացավ նաեւ եզրափակիչից առաջ նախատեսված շոուն:

«Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի 18-րդ րոպեին հոլանդացիների դարպաս ուղարկած գնդակով հաշիվը բացեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, 48-րդ րոպեին էլ Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ հաղթանակն ամրապնդվեց: Ի դեպ՝ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, որը խաղաց եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում: Հայ ֆուտբոլիստը նաեւ 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն ռմբարկուն Եվրոպայի լիգայի այս մրցաշարում:  «Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իսպանացի կիսապաշտպան Անդեր Հերերան:

Մայիսի 25-ին նույնպես դոլարի փոխարժեքը շարունակել է նվազել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 540, ռուբլունը՝ 8 դրամ 56 լումա, ֆունտինը՝ 624 դրամ:

Մայիսի 26-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ: Երեւանում վաղը երեկոյան ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում՝ կարճատեւ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ